Ամերիկացի խելացի գործիչները զգուշացնում էին՝ մի՛ արեք, դա բերելու է համաշխարհային պատերազմի. Արթուր Խաչիկյան

«90-ականներին Ռուսաստանն ընդունում էր ԱՄՆ-ի հեգեմոնիան, բայց փաստորեն ուժի գայթակղությանը դիմանալը դժվար է։ Ի՞նչ արեց ՆԱՏՕ-ն՝ ընդլայնվեց՝ հասնելով Ռուսաստանի սահմաններին։ Ամերիկացի խելացի գործիչները զգուշացնում էին՝ մի՛ արեք, դա բերելու է համաշխարհային պատերազմի»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց այն դադարեցնելու հնարավորություն կար, Արևմուտքի վերլուծաբանները բաց ձևով ասում էին՝ Անգլիայի վարչապետը Զելենսկուն թույլ չտվեց համաձայնության գնալ: Անգլիայի ավանդական քաղաքականությունն է՝ պատերազմի մղել կողմերին, հյուծել, թուլացնել։ Հիմա էլ ասում են՝ ռուսները թուլացան, իսկ իրենց հետաքրքրու՞մ է, որ Ուկրաինան էլ չկա:
Առաջ շատ ավելի խելացի ղեկավարներ կային, ներկա լիդերների որակների պատճառով հակամարտությունները թեժացան։
Սառը պատերազմի ժամանակաշրջանում, ամեն դեպքում, կայուն համակարգ կար, երկու բևեռ կար, և այդ երկու բևեռի միջև հսկայական տարածություն կար, ժամանակ կար մտածելու։ Հիմա և՛ ժամանակն է արագացել, և՛ տարածությունն է կրճատվել, և՛ արդեն մի քանի միջուկային պետություն կա։ Եթե հիմա ինչ-որ հրթիռ արձակվի Սիրիայի երկնքում, պետությունները վայրկյաններ ունեն որոշում կայացնելու՝ պատասխանել, թե ոչ»։




















