Ի՞նչ է նշանակում արտաքին ճնշում. Պապիկյանին են ճնշե՞լ, որ զինվորը տուն գնա. Էլի թելադրում են իրենց վարկածը.Իրավապաշտպան

Ամոթ է, որ հենց միանգամից ստում են եւ հնարավորություն չեն տալիս քննչական մարմիններին քննություն կատարել եւ պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով հունվարի 13-ին ձնահոյւսի մեջ մնացած եւ մահացած զինծառայող Բենյամին Մանուչարյանի մահվան գործի վերաբերյալ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններին, թե եղել է արտաքին ճնշում, հազարատները պահանջել են հենց այդ օրը ազատ արձակել իրենց զինվորին:
«Ի՞նչ է նշանակում արտաքին ճնշում, ո՞ւմ են ճնշել, Պապիկյանին են ճնշե՞լ, որ զինվորը տուն գնա: Էլի եկան ու թելադրեցին իրենց վարկածը: Սա ուղղորդում է քննությանը: Սա նշանակում է՝ սա չի բացահայտվելու: ՔԿ-ն մի առանձնապես շահագրգռված չէր, որ բացահայտի նման դեպքերը, էլի են եղել նման դեպքեր: Ես հիշում եմ 2000-ին Քելբաջարի զորամասում եղել էր ծեծ, կռիվ, փախել էին մի կերպ խեղճ զինվորները, որ պրծնեն, բայց մնացել էին ձյան տակ: Մեկը մահացել էր, երկուսին ծանր վիճակում տեղափոխել էին:
Ես կեղծիք եմ համարում, որ որեւէ մեկը կարող է ճնշում գործադրել զորամասի հրամանատարի վրա: Ծառայության վերջին օրը զինվորը չէր կարող դիրքում լինել, նա պետք է զորացրվեր այդ օրը:Կարող է սպասել են, անհանգստացել են: Եթե դա համարվում է ճնշում եւ դա ասվի վարչապետի մակարդակով, սա ուղղակի կեղծիք է:
Ոչ մեկը չի կարող ՊՆ-ին ճնշել, սա հորինված ինչ-որ մի վարկած է, որով փորձում են արդարանալ: Եվ շատ վատ է, որ մեղքը բարդում են ընտանիքի վրա, ինչպես միշտ: Պապիկյանի խոսքից հասկացվում է, որ նրանք չեն պատրաստվում ինչ-որ բան փոխել: Նրանք պետք է հանրությանը հրապրակային ասեին, որ ամեն ինչ անելու են, որ բացահայտվի այդ դեպքը»,- հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:




















