top of page

Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյանը՝ հույն գործընկերոջ հետ հանդիպման մասին

Mar 4, 2024
1 min read

Խորհրդանշական է, որ այս այցը հաջորդում է նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի Հունաստանի հանրապետություն ընդգրկուն օրակարգով  այցին:

Այս մասին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարների համատեղ ճեպարզույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․

«Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության, արժեքների և ընդհանուր մոտեցումների վրա»,- նշեց նա:

Պապիկյանի խոսքով՝ ավանդական ոլորտներից են՝ ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդակցությունները և այլն:

«Քիչ առաջ քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ 2023թ Հունաստան կատարած այցի շրջանակներում ստորագրած ՀՀ Կառավարության և Հունաստանի Կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդել:

Երկու երկրներն էլ ունեն նույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ: Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը»,- եզրափակեց ՊՆ նախարարը:

1/2990
bottom of page