Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը. Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գրիգորյանի հայտարարությունը սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։Գրիգորյանն ասել էր, որ չնայած Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ ներկայությանը, ռուսական կողմը չի կարողացել կանխել վերջին միջադեպը։«Մենք չափազանց բացասական ենք գնահատում նման հայտարարությունները: Սա առաջին դեպքը չէ, երբ ԱԽ քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ պարզապես Արևմուտքում ինչ-որ մեկին (կարծում եմ) հաճոյանալու համար», - ասել է Զախարովան:Նա նշել է, որ Ներքին Հանդ բնակավայրի տարածքում ռուս զինվորականներ չկան։ Այնտեղ, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, 2021 թվականին տեղակայվել է ԱԴԾ սահմանային ծառայության դիրք։«Սակայն այժմ, ինչպես գիտենք, Հայաստանում հետաքննություն է անցկացվում սահմանային գոտում սադրանքները կանխելու և զսպվածություն պահպանելու հրամանի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հակաարդյունավետ է անվանել ռուս սահմանապահներին նսեմացնելու փորձերը, քանի որ նրանք 30 տարի հսկում են հանրապետության սահմանները և բազմիցս ապացուցել են իրենց պահանջվածությունը։«Ի տարբերություն մեր սահմանապահների, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են գտնվում: Նրանց հիմնական զբաղմունքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ հետախուզական գործունեությունն է: Եվ, բնականաբար, մի փոքր ինքնագովազդը»,- ասել է Զախարովան:Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդ գյուղի տարածքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել, 1-ը՝ վիրավորվել։




















