«Իրանի միջուկային համաձայնագրի խզումը մեծ սխալ էր». Բլինքեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Վաշինգթոնի դուրս գալը 2015 թվականի միջուկային համաձայնագրից մեծ սխալ էր։
Բլինքենն այս հայտարարությունն արել է՝ ելույթ ունենալով Շվեյցարիայում Դավոս-2024 գագաթնաժողովի երկրորդ օրը։
«Դա մեծ սխալ էր»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով 2018 թվականին Իրանի միջուկային գործարքը դադարեցնելու` Դոնալդ Թրամփի որոշման մասին հարցին։
The Guardian-ը մեջբերել է նրա խոսքերը, որ ԱՄՆ-ն այժմ այնպիսի վիճակում է, երբ չունի իրեն անհրաժեշտ համաձայնագիրը:
«Սա խորապես ցավալի է»,- հավելել է նա։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի միջև: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել գործարքից 2018 թվականին, մինչդեռ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենն ազդարարե;լ է, որ պատրաստ է երկարաձգել համաձայնագիրը։
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարում 2021 թվականի ապրիլից՝ գործարքը վերականգնելու համար։
Միջուկային համաձայնագիրը փրկելու համար բանակցություններն սկսվել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 2021 թվականի ապրիլին:




















