top of page

«Մեր պետությունը, ի տարբերություն Վրաստանի, ներդրում չի անում ու միայն հարկում է ֆուտբոլը». Թաթուլ Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 24
  • 2 min read
ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ գիշեր ֆեյսբուքի իմ ժապավենը գրեթե բացառապես ֆուտբոլ էր՝ դատապարտում, ծաղր, հեգնանք, հումոր...


Այդպես էր նաև չորս օր առաջ՝ Երևանում Վրաստանի հավաքականին 0-3 պարտվելուց հետո:


Ես ուզում եմ գրել մի բանի մասին, որ չեն գրել իմ ընկերներն ու հետևողները, բայց որը, իմ կարծիքով, ամենակարևորն է և մեր երեկվա մղձավանջի բուն պատճառներից մեկը, եթե կուզեք՝ գլխավորը:


Մեր պետությունը, ի տարբերություն Վրաստանի, ֆուտբոլի մեջ ներդրում չի անում և միայն հարկում է ֆուտբոլը:


Եթե Հայաստանում կա Պրեմյեր լիգա, Առաջին լիգա, մանկապատանեկան ֆուտբոլ, ապա դրա մեջ պետությունը ունի ԶՐՈ ներդրում: Հակառակը, նայեք և տեսեք, թե անցյալ տարի ինչքան հարկ են վճարել ՆՈԱ-ն, ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ն, ՓՅՈՒՆԻԿ-ը, ՇԻՐԱԿ-ը, մանկապատանեկան թիմերը...


Վրաստանում արդեն տասը տարի պետությունը ֆինանսավորում է ոչ միայն ակադեմիաները, մանկապատանեկան ֆուտբոլը, այլ Բարձրագույն լիգայի ԲՈԼՈՐ թիմերին:


Ավելի պարզ՝ Հայաստանի պետությունը հարկում և քերում է հայկական աղքատ ֆուտբոլը, Վրաստանի պետությունը ֆինանսավորում է ֆուտբոլը:


Հասկանում եք, չէ՞, տարբերությունը:


Ես, իհարկե, շահագրգիռ կողմ եմ և կարող է իմ գրածը ընկալվել միակողմանի, բայց իրականությունը դա է:


2016 թվականից անուղղակի, իսկ 2018-ից որպես փոքր ակումբի հիմնադիր, տարեկան մինչև 10 միլիոն դրամ եմ ներդնում մանկապատանեկան, մարզային ֆուտբոլում: Սա, իհարկե, մի կաթիլ է ծովում: Այս ինը տարիների ընթացքում ինձ օգնել են՝


ա/ հայկական և միջազգային կազմակերպություններ,


բ/ ֆինանսական ընկերություններ,


գ/ բազմաթիվ անհատներ ՀՀ-ից և Սփյուռքից,


դ/ ես եմ ներդրումներ անում իմ ոչ մեծ կարողություններից:


Մեր պետությունը այս ընթացքում ԶՐՈ ներդրում է կատարել և ԶՐՈ առաջկցություն ցուցաբերել:


Հիմա ես չեմ եկել գրելու, թե պետությո՛ւն, ինձ փող տու: Եթե տա, լավ կլինի, բայց եթե տա, պետք է տա ԲՈԼՈՐ ակումբներին:


Հայկական ֆուտբոլը գոյություն ունի ԲԱՑԱՌԱՊԵՍ անհատ մարդկանց շնորհիվ, պետությունը միայն հարկում է հայկական ֆուտբոլը:


Պրոֆեսիոնալ ֆուտբոլի և հաջողությունների հիմքը մանկապատանեկան ֆուտբոլն է: Ու քանի դեռ պետությունը 50/50 կամ այլ համամասնությամբ չի մասնակցում ֆուտբոլային, մանկապատանեկան կրթությանը, այն մնալու է անհատ մարդկանց հոգածության և ներդրումների հույսին:


Պատրանքներ չունենաք... հաջողություններ չենք ունենալու, քանի դեռ պետությունը ֆուտբոլ ԲԱԼԵՏ անելուց այն կողմ չի գնում»:

 
 
1/2473
bottom of page