top of page

Երգչին դանակահարած երիտասարդները ձերբակալվել են

Aug 20, 2025
1 min read

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է։


Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ:


Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայով երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուժածին, դանակահարել և հափշտակել պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր և 25 հազար դրամ։


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները համագործակցված աշխատանքի արդյունքում ստացել են հավաստի տեղեկություն, որ ավազակությունը կատարել են Նոր Նորքի բնակիչներ՝ 22 և 21 տարեկան երիտասարդներ:


Օգոստոսի 18-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել նախաքննական մարմին։


Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»։

 
 
1/2990
bottom of page