ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ՊԵՏՐՈՍԻՆ ԻՐ ԿՆԿԱՆԻՑ ԲԱԺԱՆԵՐ․․․

Ընտրական այս օրերին գյումրեցուն որ հարցնես՝ քաղաքապետի հարմար թեկնածուն ո՞վ է, մի անեկդոտ կպատմի․ «Որ թեկնածու տեղից հելնում, ասում է, որ ես լինեմ, մենք լավ կապրենք։Ժողովուրդն էլ շշկռվել է, ասում է՝ մենք գիտենք, որ դուք լավ կապրիք, ըբը մե՞նք»։ Գյումրեցու ամեն ինչը հատուկ բդի էղնի։ Դաժե սարն է էկե իրա ոտով։ Խոսքը Նիկոլի կամ ՔՊ-ի Սարիկի մասին է։ Գյումրեցին ասում է՝ քա վայ, մենք էդ սարը չենք ճանչնա, էդի Նիկոլի սարնա։ Թող տանի ու էդ սարիկի նկարը գործի տեղից կախի։ Շատ էլ թե Նիկոլն ասում է՝ նա մեր իրական Սարիկն է, նրան պիտի ընտրենք։ Իրական սարիկը ո՞րն է։ Մենք պատմություն ունենք, պատմական սարեր ունենք։
Երեկ էլ Պետրոս Ղազարյանը հարցազրույց էր վարում Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի հետ՝ ՀԱՍԿ-ի կողմից առաջադրված։ Սոցիալիստական հատու գաղափարներով իսկական գյումրեցի։ Ոչ ավել, ոչ պակաս, տարավ- բերեց Պետրոսին, թե․
Մի երկու նախարարություն պիտի բերենք Գյումրի։ Ստորագրահավաք կկազմակերպենք, կդիմենք կառավարությանը ու կբերենք։
-Օրինակ ո՞րը,- բանից անտեղյակ հարցրեց Պետրոսը։
ԿԳՄՍ-ն ու քաղաքաշինության նախարարությունը։
Այստեղ է , որ Պետրոսի թուքը չորացավ, մոռացավ, որ Արտյոմը դեռ քաղաքապետ չէ ու ստորագրահավաքն էլ դեռ չի կազմակերպվել։
-Ես համաձայն չեմ, որ ԿԳՄՍ-ն Գյումրիում լինի,- կտրուկ ասաց նա,- Գյումրին հեռու է։
Քաղաքապետի թեկնածուն հետը սկսեց կռիվ տալ, քիչ էր մնում Պետրոսին իր կնկանից բաժաներ․․․
-Ինչու՞ Գյումրիում չլինի, քեզանից չէի սպասում, արվեստների, արհեստների քաղաք է։
Մեկ- մեկ սկսեց թվարկել Գյումրու նշանավոր դեմքերին՝ ֆրունզիկից մինչև․․․ Պետրոսը դրա տակից ո՞նց դուրս գար։ Թեման փոխեց։ Բայց քանի որ «Գյումրեցու ամեն ինչը հատուկ բդի էղնի», Պետրոսի ,,թպրտոցին,, ո՞վ է նայելու․․․ Բաժանելու են։




















