top of page

Ինչո՞ւ Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենը չի վերականգնվում պաշտոնին, եթե նույնիսկ կա դատարանի որոշում․ պարզաբանում է նախարարը

Jun 6, 2024
2 min read

Թոքաբանության ազգային ինստիտուտի կազմակերպաիրավական ձևը փոփոխվել է, այն հիմա հանդես է գալիս որպես այլ իրավաբանական անձ և պաշտոնի վերականգնման անհնարինություն կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում չի վերականգնվել Արտակ Մանուկյանը, երբ կա դատարանի որոշում։

Մանուկյանին սակայն վճարվել է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։ Սրա հետ կապված, Ավանեսյանն ասաց, որ հարկադիր պարապուրդի գումարի վճարելը որևէ կապ չունի իր ասած փոփոխության հետ։

Ճշտող հարցին՝ նոր իրավահաջորդը չէ՞ այդ կառույցի, նա պատասխանեց, որ այդ հարցերը գրավոր թող ուղարկեն։

Հարցին էլ՝ հատո՞ւկ է կատարվել այդ փոփոխությունը, որ այդ մարդը չվերակագնվի աշխատանքի, նա ասաց․ «Մենք որևէ հատուկ բան չենք անում, մեր բոլոր առողջապահական կազմակերպությունները փորձում ենք բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Թոքաբանության ազգային ինստիտուտը որևէ բանով չի տարբերվում Սբ․ Գրիգրոր Լուսավորիչ ԲԿ-ից, որը հանդիսանում էր ՓԲԸ»։

Հարցին՝ իսկ եթե դատարանը պարտավորեցրել է վերականգնել, որտե՞ղ պետք է վերականգնվի պաշտոնյան, Ավանեսյանն ասաց, որ բոլոր պրոցեսներն իրականացվում են օրենքի շրջանակներում, որևէ հակասություն չկա։

Դիտարկմանն էլ՝ լինելով իրավաբան արդեն երեք անգամ պարտվում է դատարանում, նա ասաց․ «Տեղին չէ նշել իմ իրավաբան լինելու հանգամանքը։ Այո՛, ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և վեց տարիների ընթացքում իրականացնում եմ առողջապահության կազմակերպումը և քաղաքական պաշտոնը որևէ կապ չունի իմ մասնագիտության հետ։ Ես լավ նախարար եմ»։

Հիշեցնենք, որ Ավանեսյանը դեռևս 2023 թվականի ապրիլին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին ազատել էր աշխատանքից։

2023 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանում հաղթել է Արտակ Մանուկյանը։ Դատարանը նախարար Ավանեսյանին պարտավորեցրել էր Արտակ Մանուկյանին վերականգնել Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում և վճարել նրան հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ամբողջ աշխատավարձը։

Նախարարությունն այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարաններում, երկու ատյանն էլ, պարզվում է, առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են անփոփոխ՝ Արտակ Մանուկյանին վերականգնել պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատավարձը։

1/2990
bottom of page