top of page

Բայդենը չի պատրաստվում ներում շնորհել Ասանժին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 28, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի դիտարկում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում շնորհելու հարցը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։«Ոչ, դա չի քննարկվում»,- ասել է Ժան Պիերը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։Հիշեցնենք, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործը պաշտոնապես կարճվել է, նա ազատ է արձակվել Սայպան կղզում (Հյուսիսային Մարիանյան կղզիներ) ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանի շենքից։ 

Համաձայն ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի պայմանների՝ Ասանժը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և բացահայտելու դավադրության համար: Իր մեղքն ընդունելուց հետո, ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նա ազատ է արձակվել։ Վաշինգտոնը պարտավորվել է ապագայում նրա դեմ նոր մեղադրանք չառաջադրել։

Աղբյուրը նկատում է, որ Ասանժի դեմ երկարամյա քրեական հետաքննությունն անսպասելիորեն ավարտվել է ամենաարտասովոր հանգամանքներում։ Նրա գործով վճիռը կայացվել է Սայպան կղզում՝ ամբաստանյալի քաղաքացիության երկրին (Ավստրալիային) մոտ լինելու համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասանժը չէր ցանկանում մայրցամաքային Միացյալ Նահանգներ գնալ:

Նշենք, որ Ասանժի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները պայմանավորված են ԱՄՆ-ի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենամեծ և սկանդալային արտահոսքով: Ըստ քննիչների, 2009 թվականի վերջից Ասանժը դավադրություն է կազմակերպել ռազմական հետախուզության վերլուծաբան Չելսի Մենինգի հետ՝ WikiLeaks-ում տասնյակ հազարավոր գաղտնի տեղեկություններ հրապարակելով Աֆղանստանում, Իրաքում պատերազմների, ինչպես նաև Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալների մասին տվյալների վերաբերյալ։ 

Ըստ հոդվածների ամբողջության՝ ԱՄՆ-ում նրան սպառնում էր մինչև 175 տարվա ազատազրկում։ Ասանժի գործունեությունը մեծ աջակցություն է ստացել մամուլի ազատության ջատագովների կողմից, որոնք մատնանշում են նրա դերը հանցավոր ռազմական գործողությունների բացահայտման գործում, որոնք հակառակ դեպքում կարող էին թաքցվել հանրությունից:

Ասանժը բրիտանական Բելմարշ բանտում էր գտնվում 2019 թվականի ապրիլից, որտեղից վիճարկում էր ԱՄՆ արտահանձնումը։ Իսկ նախքան այդ նա ևս 7 տարի թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որը նրան քաղաքական ապաստան էր տվել։

 Ասանժի ընտանիքի և աջակիցների պնդմամբ՝ նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը տուժել է դատական վեճերի և բանտարկության ընթացքում:

1/2413
bottom of page