Հրայր Թովմասյանի դեմ գործընթացի նպատակն էր յուրայիններով լցնել ՍԴ-ն. Գոհար Մելոյան

«Այս գործն արդեն 4 տարի ընթացքի մեջ է այն էլ այն դեպքում, որ հաստափոր դրվագներ չի պարունակում, փաստահեն չէ ու նաև դրա պատճառով է ձգձգվում»,- Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով, ըստ էության, իրավական անարխիայի պայմաններում են գտնվում. մարդու հիմնարար իրավունքներից սկսած մինչև իրավական պետության հենասյունային սկզբունքներ՝ ոտնահարված վիճակում են։ Նա ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի դեմ գործընթացի նպատակն էր յուրայիններով լցնել Սահմանադրական դատարանը, որը, ցավոք, այս իշխանությանը հաջողվել է։
Սահմանադրագետն ասաց, որ անհեթեթ գործ է ու ընդհանրապես այս գործը չպետք է գոյության ունենար՝ մանրամասնելով, թե ինչու. «Մենք ունենք 2005 թվականի Սահմանադրություն և 2015 թվականի փոփոխություններ։ Երբ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ դատավոր, նրա նկատմամբ կիրառվել է դեռևս 2005 թվականի Սահմանադրության կարգավորումները, քանի որ դեռ ուժի մեջ չէր մտել 2015 թվականի կարգավորումները, իսկ 2005 թվականի սահմանադրական կարգավորումների համաձայն ՍԴ անդամն օգտվում էր ընդհանուր անձեռնմխելիության ինստիտուտից, այսինքն նրա նկատմամբ, իր գործունեության հետ չկապված որևէ գործով հնարավոր չէր քրեական վարույթ հարուցել։
Պետք է Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվեր 2005 թվականի Սահմանադրության կարգավորումներն և առանց ՍԴ համաձայնության քննություն չէր կարող ընթանալ ՍԴ անդամի, այս պահին դատավորի նկատմամբ։
Անհեթեթության մեկ այլ օրինակ. գործի հիմքում չկա որևէ ակնհայտ փաստական հանգամանք, որը կհաստատեր Հրայր Թովմասյանի մեղադրանքն ինչ-որ իրավիճակում։ Հիմնական վկաներից մեկը, որի վկայության հիման վրա հարուցվել էր այս գործը, դատարանում հրաժարվել է իր ցուցմունքներից՝ նշելով, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվել այդ վկայությունը տալու համար։
Եվս մեկ հսկայական հիմք այս ամբողջ դատավարությունը քանդելու, ընթացք չտալու համար»։
Գոհար Մելոյանի խոսքով, մարդիկ ամենատարբեր գործերով, առավել ևս քաղաքական, իրենց մաշկի վրա զգում են ոչ անաչառ, ճնշված դատական իշխանության հետևանքները։
«Լիահույս եմ, որ դատավորը կմնա իր խղճին, մասնագիտական արժանապատվությանը, օրենքին հավատարիմ և ակնհայտ որոշումը կկայացնի։
Ընդգծեմ կրկին, որ ընթացող դատաքննությունն հակաիրավական է, այս գործն ընդհանրապես ընթացք չպետք է ստանար, քանի որ դատարան ուղարկելու հիմքեր չկային, փաստական հանգմանքները բացակայում էին»,-ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։




















