Ուկրաինան մեկ ամսում երրորդ անգամ հարվածել է Կրասնոդարն ու Ադըղեան վառելիքով ապահովող նավթաբազային
- Jun 25
- 2 min read

Հունիսի 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հարձակվել են Կրասնոդարի երկրամասի «Պոլտավսկայա» նավթաբազայի վրա։ «ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները»,- հայտնել են Կուբանի օպերատիվ շտաբից։ Նրանք հավելել են, որ միջադեպի պատճառով ժամանակավորապես փակվել է Պոլտավսկայա ստանիցայից դեպի Տրուդոբելիկովսկի խուտոր տանող ավտոճանապարհի երթևեկությունը։
«Պոլտավսկայա» նավթաբազան վառելիքային ենթակառուցվածքների տարածաշրջանային օբյեկտ է, որն բենզինի և դիզելային վառելիքի մատակարարում է ապահովում Կրասնոդարի երկրամասի մի մասի և Ադեղեայի Հանրապետության համար։ Բազայի ամբարային պարկն ունի 28 տարողություն։ Ուկրաինական «Exilenova+» մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ դրոնների հարձակումից հետո երեք ամբար է բռնկվել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է նավթաբազայի վրա. դրանից առաջ այն անօդաչուների թիրախ էր դարձել հունիսի 6-ին և 16-ին։ Երկու դեպքում էլ հարձակումներն ուղեկցվել են ուժգին հրդեհով, սակայն տուժածներ չեն եղել։
Անցած գիշեր ուկրաինական անօդաչուները գրոհել են նաև անեքսիայի ենթարկված Ղրիմը։ «Крымский ветер» մոնիթորինգային ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է Բալակլավայի և Տավրիդյան ջերմաէլեկտրակայանների (ՋԷԿ), ինչպես նաև «Կաչա» օդանավակայանի ուղղությամբ հասցված հարվածների մասին։ Թերակղզու մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Սիմֆերոպոլում, Յալթայում և Եվպատորիայի մոտակայքում, գիշերը էլեկտրաէներգիայի կարճատև անջատումներ են գրանցվել։ Բացի այդ, մի քանի պայթյուն է որոտացել Սիմֆերոպոլում։ «Exilenova+»-ի տվյալներով՝ անօդաչուների զանգվածային հարձակման թիրախ է դարձել նաև Սևաստոպոլը։
Ուկրաինան համակարգված հարվածներ է հասցնում Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքներին։ Ինչպես գրում է «Reuters»-ը, հարձակումների հետևանքով կանգնեցվել է երկրի կենտրոնական մասի բոլոր նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) աշխատանքը, իսկ բենզինի արտադրությունն այս պահին ծածկում է ներքին սպառման միայն մոտ 80%-ը։ 25 տարածաշրջանում՝ Ռուսաստանի եվրոպական մասից մինչև Սիբիր ընկած տարածքում, իշխանությունները պաշտոնապես հայտարարել են բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումների մասին։
Բացի այդ, ուկրաինական զորքերը օդային հարձակումների միջոցով սահմանափակում են Ռուսաստանի տարածքից Ղրիմի մատակարարումը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ թերակղզու վերաբերյալ Կիևի գործողությունը «հստակորեն մշակված է»։ Զելենսկին ընդգծել է, որ G7-ի շրջանակում քննարկված օգնությունը ստանալու դեպքում Ուկրաինային կհաջողվի Ռուսաստանին խաղաղություն պարտադրել։




















