Այս պահի դրությամբ 10 հազար մարդ խուսափել է բանակից և հետախուզման մեջ է. Սիմոնյան
- Elen Hovsepyan
- 22 hours ago
- 1 min read
Հանրային արձագանքը միշտ մեծ նշանակություն ունի, քննարկումները թեմայի շուրջ շարունակվում են, կարծում եմ՝ օրենքը, գուցե, որոշ փոփոխությունների կարիք կունենա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գումարի դիմաց բանակից ազատվելու օրենսդրական նախագծի՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ այդ օրենքն անհրաժեշտություն է՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու առումով.«Քննարկումները շարունակվում եմ։ Վերջնանպատակը պետք է լինի մեր երկրի համար լիակատար, պրոֆեսիոնալ բանակը, որտեղ կծառայեն մարդիկ, ովքեր դրան կվերաբերվեն որպես մասնագիտության՝ ամենայն պատասխանատվությամբ։ Այն վիճակը, որը եղել է մեր երկրում և կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է սկսել ինչ-որ ձևով կարգավորել»։
Սիմոնյանը կրկին հիշեցրեց, որ ինքը ծառայել է Հայոց բանակում.«Նախագծի քննարկումներին, բովանդակությանը չեմ անդրադառնա, բայց այն մարդիկ, ովքեր փորձել են գումարով իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են և դրան որակում տալու կարիք չկա։ Դրա դեմ պայքար տարվում է։ Նորից եմ կրկնում՝ նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն»։
Հարցին՝ խտրականություն չի՞ լինի, երբ հարուստների երեխաները գումարով չծառայեն, իսկ աղքատներինը՝ ծառայեն՝ Սիմոնյանը պատասխանեց.«Անկախությունից ի վեր՝ այդ փորձերը բոլոր իշխանություններն արել են, բայց կրկնում եմ՝ իմ ընկալմամբ մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, ինչպես բոլոր նորմալ երկրներում։ Մարդիկ, ովքեր կցանկանան իրենց կյանքը նվիրել ծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ և կգնան, կդառնան զինվորական։ Դա վերջնանպատակն է։ Հիմա քննարկումներ են գնում, դրանց մեջ չեմ մտնելու։ Սակայն, ասեմ, որ այսպահի դրությամբ 10 հազար մարդ կա, որ խուսափել է բանակից, գտնվում են հետախուզման մեջ»։