ԱՐԱՏՈՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ԱՐԱՏԸ

Երկրի գլխավոր բուժակն արդեն շատ ամիսներ ճգնում է իբր «բուժել», արմատախիլ անել Հայ առաքելական եկեղեցում իր պեղած-հայտնաբերած արատավոր երեւույթները: Մինչ այժմ չի հաջողել, բայց նա հուսահատվել չգիտի: Հետեւողական փնտրտուքից առույգացած՝ սենսացիոն եզրահանգման եկավ. «Արատը պետք է բուժել... արատով»: Բա ո՞նց, շան կծածը շան մազը կլավացնի:
Բարձրաստիճան մի խումբ եկեղեցականներ նամակ գրեցին անարատ բուժակին: Ոմանք կարծում են, որ դա արել են կոմպրոմատներից փրկվելու նպատակով, մինչդեռ, խայտառակվելուց զատ ոչինչ չեն շահելու: Տեղեկացանք՝ ովքեր են դեռ սրբազան համարվող այդ անձինք: Գլխավոր դեմքը Բենթլի Կճոյանն Է: Ճանաչում եք նրան՝ Արարատյան թեմի առաջնորդն է: Նրան, որին դեռ իշխանությունը չզավթած՝ վարդագույն երազներով նախկին պատանին ԱԺ ամբիոնից քննադատում-անվանարկում էր, թե անօրինական ճանապարհով թանկարժեք մեքենաների տեր է դարձել, գործարարին է «քցել», սրբապիղծ է, այլեւայլ հանցագործությունների հեղինակ է... Թքած, որ այդ ամենը հիմա էլ կա, մարդը նույն արատավորն է, «քցող» էր՝ «քցող» էլ մնացել է, միայն «քցելու» օբյեկտն է փոխվել: Այս անգամ թիրախում Հայոց եկեղեցին, Վեհափառ հայրապետն են, որի ձեռամբ նա օծվել է:
Մյուսներն էլ «սուրբ ու կույս» չեն: Մեկը սիրուհիներ ունենալու համար վիրահայոց թեմից է հեռացվել, ցավն էլ դա է, որ չի վռնդվել եւ կարգալույծ չի արվել: Նրան, առոք-փառոք, Վեհափառի կամեցողությամբ, ուղարկել են ծովափնյա երկիր: Բայց դա չի նշանակում, թե սրբապիղծ արարքները մաքրել են վրայից: Գարշահոտը փչում էր անգամ այդ նամակից, որը ստորագրել էին 10 «կույսերը»: Ահա, այդ սրբապիղծն էլ է մարտի ելել իր ներողամիտ բարերարի հանդեպ: Մյուսը, ասում են, Արգիշտի Քյարամյան անուն-ազգանունով որդի ունի: Գտնում է, որ իրեն կարելի է որդի ունենալ՝ միայն իրեն, չէ՞ որ ինքը «վերին արտի ցորենն է»: Որ մեկի կենսագրությունն էլ փորփրես, եթե չասենք՝ սրբապիղծ, գոնե՝ վատ, աններելի, հոգեւորականին անվայել մի բան կգտնես:
Երկրի գլխավոր բուժակը, ահա, սրանց է հրավիրել թագավորաց պալատ ու խորհրդակցել, թե ինչպես բուժեն եկեղեցում առկա արատները: Որքան էլ մենք հառաչենք, նրանք որոշել են շարժվել «քամուն ընդառաջ»՝ արատավորներով պայքարելու են արատի դեմ...
Բայց մենք շնորհակալություն հայտնենք բոլորին՝ մայր եկեղեցին մաքրվեց նամակն ստորագրած անձանցից, ստոր եւ ապականված հոգեւորականներից: Մնում է, որ Մայր Աթոռը հատուկ կոնդակով վավերացնի փաստը:
Գագիկ Անտոնյան




















