ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին
- 5 hours ago
- 1 min read

Ռուսաստանի Գերագույն դատարանը նախօրեին բավարարել է սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու դիմումը, հայտնում է Reutersգործակալությունը։
«Յաբլոկո»-ն համապետական ընտրություններին մասնակցող 11 ուժերից միակն էր, որը դեմ էր արտահայտվում Ուկրաինայում ավելի քան չորս տարի ընթացող պատերազմին:
«Ընտրություններին մասնակցելու արգելքը նշանակում է հրաժարվել երկխոսությունից այն մարդկանց հետ, որոնք իշխանությունների համար անհարմար հարցեր են տալիս», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովը՝ խոստանալով բողոքարկել որոշումը:
«Ռոդինա»-ի նախագահ և Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևն ավելի վաղ պարզաբանել էր, որ, ի թիվս այլ հիմքերի, դատարան են դիմել, քանի որ, ըստ իրենց, «Յաբլոկո»-ի կայքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված նյութերում ծայրահեղականության դրսևորումներ կան, իսկ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու իր կոչերով կուսակցությունը փաստացի հրաժարվում է «ռուսական տարածքների ազատագրումից»:
Ռիբկովի պնդմամբ՝ «Յաբլոկո» կուսակցությանը ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու հիմքեր չկան։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, և մասնակցելու թույլտվություն տալու որոշումը կայացվել է միաձայն», - ընդգծել էր նա։
Դիմադրության հազվադեպ դրսևորմամբ՝ մի քանի հարյուր, հիմնականում երիտասարդ քաղաքացիներ հավաքվել էին դատարանի շենքի առջև, մինչ ոստիկանությունը հետևում էր իրադարձություններին: Ոմանք ձեռքերում խնձորներ էին պահել՝ աջակցություն հայտնելու «Յաբլոկո»-ին, որը ռուսերեն խնձոր է նշանակում։
«Յաբլոկո»-ն միակը չէ, որը խոչընդոտների է բախվում ընտրություններին մասնակցելու ճանապարհին: Այս հուլիսին Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի ընտրություններին մասնակցել ցանկացող Բորիս Նադեժդինին տուգանեցին «ծայրահեղական խորհրդանիշներ ցուցադրելու» համար: Նա մի տեսանյութ էր տարածել, որում կարճ երևում էր 2024-ին բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Reuters-ը գրում է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ սկսելուց ավելի քան չորս տարի անց, դատարանի որոշումն ընդգծում է իշխանությունների անհանդուրժողականությունը հակապատերազմական հայացքների նկատմամբ և է՛լ ավելի է փոքրացնում այլակարծության առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունը ռուսական քաղաքականության տիրույթում։
Գործող խորհրդարանում էլ «Յաբլոկո»-ն մանդատներ չուներ։




















