«Նախկինների» թեզն այլևս սպառված է, Փաշինյանը 7 տարում 7 հատ մեխ պատին չի խփել․ Քաղտեխնոլոգ

Մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների մասնակցելու համար առաջադրվել են Գյումրիում 9, իսկ Փարաքարում՝ 4 կուսակցություններ և դաշինքներ։ Այսօրվանից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը կտևի մինչև մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
Թեև այսօվանից է պաշտոնապես մեկնարկում քարզոչության ժամանակաշրջանը, սակայն մինչ այսօր թեկնածուները բավականին ակտիվություն ցուցաբերել են։ Ընդհուպ՝ իշխող կուսակցության թեկնածուին սատար կանգնելու համար, վերջերս Նիկոլ Փաշինյանը նույնպես այցելեց Գյումրի։ Panorama.am-ը ՏԻՄ նախընտրական անցուդարձի շուրջ զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
Նա նշեց, որ քարոզարշավը նոր է մեկնարկել, ամբողջությամբ դժվար է գնահատել թեկնածուների հնարավորությունները, սակայն մեկ բան ակնառու է՝ սև PR-ը բավականին ակտիվ աշխատում է՝ ՔՊ թեկնածուի դեմ։
«Բացահայտվեց, որ ՔՊ թեկնածուն հանրապետական է եղել, ինչը նաև թաքրցրել էր։ Հիմա այն որպես սև փիառ է օգտագործվում նրա դեմ։ Նա փաստորեն պայքարում է նախկինների դեմ, հիմա պարզվում է, որ ինքն էլ «նախկիններից» է։ Այսինքն՝ «սև փիառ»-ի տեխնոլոգիան աշխատում է»։
Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ այս ընթացքում զուտ քաղաքական տեքստեր չեն հնչել։
«Շեշտադրումը դրված է ոչ թե քաղաքի զարգացման, այլ ՝ տեղային առանձնահատկության։ Այն երևում է նախընտրական կարգախոսերում , օրինակ՝ «մեր Սարիկը» և այլն։ Կարգախոսերն ավելի շատ կենցաղային են, ոչ՝ քաղաքական, ինչը ցույց է տալիս, որ հիմնական շեշտադրումը լինելու է ոչ թե քաղաքական, այլ կլանային ընտրությունների շուրջ։ Անգամ արևմտամետ ուժերը, որոնք դրել են իրենց թեկնածությունը, նկատվում է տեղայնություն, ոչ թե գաղափարական պայքար։ Հասկանալի է, որ դեռ գյուղերում աշխատում է «մեր էսինչը» հասկացությունը, բայց ամեն դեպքում Գյումրին գյուղ չի էլի, պետք է մի քիչ քաղաքային կոլորիտին բնորոշ քաղաքական ընտրարշավ իրականացնել»,- ասաց Բադալյանը՝ հավելելով․ «Քաղաքական հզոր ուժի կոնտենտը , որը պետք է դրդի տնրողին ձայն տալ, բացակայում է»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցին, ապա քաղտոխնոլոգի համոզմամբ՝ այդ այցը միայն վնաս տվեց ՔՊ թեկնածուին։
«Այդ ընթացքում ոստիկանական տեղամաս տարան թեկնածուներից մեկին, որը բացասաբար ազդեցություն ունեցավ իշխող ուժի համար։ Վարչապետին դեմ ընտրազանգվածը գնալու է ու այդ թեկնածուին շատ ավելի շատ ձայն տա, եթե այդ թեկնածուն այս ընթացքում կարողանա լավ դրսևորի իրեն։ Հասկանալի է, որ չեն ընտրում «մեր Սարիկին», հասկանալի է, որ քվեարկելով «մեր Սարիկին», քվեարկում են վարչապետին։ Բայց այս դեպքում, ներսի ինտրիգների հետ կապված կարող են ձայն չտալ ՔՊ-ի թեկնածուին, որովհետև նա դրսից բերվեց, այսնքն՝ վայրագ է, ՔՊ-ական չէ»։
Բադալյանը նկատեց, որ Փաշինյանի կողմից «նախկինների» թեզի գործածությունն այլևս որևէ հանրային ազդեցություն չի ունենում։
««Նախկինների» թեզն այլևս նախկինի պես չի աշխատում, դա սպառված թեզ է։ Բայց, քանի որ վարչապետը նորություն չունի ասելու, այսինքն՝ յոթ տարվա ընթացքում կոնկրետ Գյումրիում ոչինչ չի արվել, աղետի գոտին չի վերացվել , այսպես ասեմ՝ յոթ տարվա ընթացքում յոթ հատ մեխ պատին չի խփվել , բնականաբար դա բացասաբար է անդրադառնում։ Ո՛չ Գյումրիում, ո՛չ էլ Հայաստանի մասշտաբով ոչինչ չունի ցույց ցալու՝ ո՛չ տնտեսական զարգացում, ո՛չ անվտանգություն, հետևաբար կրկին օգտագործում է հին տեխնոլոգիաները, որոնք 6-7 տարի աշխատել են, հիմա՝ ոչ։ Հակառակը ՝հիմա դա հակառակ ազդեցությունն է ունենում։ «Նախկինների» թեման սխալ հաշվարկի արդյունք էր, դա չի աշխատում այլևս»,- ասաց Բադալյանը։
Եթե իշխանությունները չկարողանան Գյումրիում մեծամասնություն կազմել և քաղաքապետի իրենց թեկնածուն ունենալ, ապա դա , ըստ քաղտեխնոլոգի, հոգեբանական նշանակություն կունենա ՔՊ-ի համար։
«Եթե վարչապետը չփորձի նույն Վանաձորի օրինակն այստեղ կրկնել, այսինքն՝ ձերբակալել, ապա դա կունենա միայն հոգեբանական նշանակություն։ Բյաց անգամ դա էլ չի աշխատի, որովհետև հասարակության մոտ տեսանելի է, երբ ինքը մարդկանց բռնում է, նշանակում է՝ թույլ է»։
ՏԻՄ ընտրություններն, իհարկե , ԱԺ ընտրությունների հետ նույնականացնել պետք չէ, քանի որ ԱԺ ընտրություններն, ըստ Բադալյանի, ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ Գյումրի քաղաքի ընտրությունները զուտ ներքաղաքական են և ՌԴ-ի կամ Ֆրանսիայի համար նշանակություն չունի,թե ով կլինի Գյումրու քաղաքապետը, բայց ունի նշանակություն,թե ով կլինի երկրի ղեկավարը։




















