Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա պարտքի առնվազն 2 միլիարդ դոլարը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 2 min read
Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա 7 մլրդ պարտքի առնվազն երկու միլիարդը փոշիացրել է, ինչ վերաբերում է «ԱՆԻՖ»-ին, ապա դրա հետ հրաշք անողը հիմա Երևանում է հրաշք գործում: Այս մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «ԱՆԻՖ»-ի և այլ իշխանությունների կոռուպցիոն գործարքներին:
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունն ուղղակի վարպետ է՝ բոլոր մեղքերն ուրիշի վրա գցելու վարպետ է: «Այսպիսի ասացվածք կա՝ խելոք մարդիկ դժվարին իրավիճակում լուծումներ են փնտրում, իսկ ապուշները՝ մեղավորներ, մենք առնչվում ենք նման իրավիճակի հետ հիմա»,- ասաց նա:
Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, ինչը ֆենոմենալ է: «Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն, օրինակ «ԱՆԻՖ»-ի գործը. ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, երկու ամսում այդ փողը անհետացել է, այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է: Սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի համար: Սրանց ճակատներին պետք է այսպես տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ», երկիրն էլ սարքել են այսպես «կոռուպցիայի դրախտ»: Հիմա դուք ուզում եք ասել, որ 65 մլն դոլարը կարող է ուղղակի ցնդել, և առաջին դեմքը դրա հետ առնչություն չունենա՞»,- ասաց նա:
Ըստ Քոչարյանի՝ հիմնական հարցը այն է՝ քանի՞ տոկոսն է գնացել այդ օֆիսին և քանիսը՝ շեֆին:
«Փորձենք այս հարցին ավելի լայն նայել: Պարտքն ավելացրել են 7 մլրդ դոլարով: Առարկայական ի՞նչ են արել այդ 7 մլրդով, որ ասենք՝ սա է կառուցվել, նա է կառուցվել, բան չկա: «Լինսի» հիմնադրամով 230 մլն դոլար է մտել երկիր, և ես կարող եմ ասել, թե ինչ է արվել այդ գումարով: Հիմա 30 անգամ շատ փողով ի՞նչ է արվել, հարց չի՞ առաջանում:
Այսպես, որ նայում ես՝ այդ 7 մլրդից առնվազն 2 մլրդը փոշիացել է, կորել է: Իմ մոտեցումը սա է, ես հիմնական կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, ես իրենից մի 15 անգամ չգիտեմ որերորդ տեղն եմ:
Երևանը փոքր քաղաք է, դուք չեք լսել ի՞նչ արժի շինթույլտվությունը: Մի անձրև է գալիս, քաղաքը Վենետիկ է դառնում և հիմնականում «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքը անողը, հիմա Երևանում է հրաշքներ գործում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այս ամենը բացահայտվելու է մեկ տարի հետո, որ շոու դառնա, և ժողովուրդը կարողանա պոպկոռնով նայել և հիանալ ազնիվ և հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով: