«Երբ գաք իշխանության, ՔՊ–ականները պատասխանատվության ենթարկվելո՞ւ են». սփյուռքահայը՝ Քոչարյանին
- 2 days ago
- 1 min read

Դուք ձեր հարցազրույցում շատ եք ասում, որ 1998 թվականին երբ եկաք իշխանության, հետ չնայեցիք, նախկիններին չպատժեցիք, ժամանակ չունեիք, առաջ էիք նայում, հիմա որ իշխանության գաք, նո՞ւյնն եք անելու, որովհետև ես ու իմ նման շատեր վենդետա են պահանջում. վենդետա լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 26–ին, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ դիմելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, հարց ուղղեց սփյուռքահայերից մեկը։
Երկրորդ նախագահը ծիծաղելով արձագանքեց. «Դուք էլ անպայման սխալներս պիտի աչքս կոխեք էլի, հա՞»։
Ապա արդեն լուրջ շարունակեց. «Մենք 98 թվականին ունեցել ենք տարաձայնություններ մոտեցումների մեջ և դա բերել է կոնֆլիկտի, բերել է արտահերթ ընտրությունների, բայց այդ տարաձայնությունները չեն բերել ողբերգական հետևանքների։ Ես չէի համեմատի երբեք վիճակը հիմա և վիճակը 1998–ին։ Ուղղակի մենք չենք ընդունել մեկ մոտեցում, դրա շուրջ իրարից բաժանվեցինք։ Հիմա վիճակը ուրիշ է, ես չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր հրահրել պատերազմ, 5000 զոհ տալ, Ղարաբաղում 150 000 մարդու ունեզրկել։ Ընդհանուր այն, ինչը Ղարաբաղում կորցրել ենք, առնվազն 80 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Այդ ամեն ինչը մնաց այնտեղ, և դրա համար մարդիկ, որոշում կայացնողները պատասխանատու պետք է լինեն։ Խոսքը ինչ-որ զանգվածների մասին չէ, բայց կոնկրետ պատասխանատուները պետք է պատասխան տան։
Հետևանքները չափազանց ծանր են, ուստի այդ համեմատությունը այդքան էլ կոռեկտ չէ։
Իսկ ընդհանրապես կյանքում իմ մոտեցումը հետևյալ է, եթե շատ ես հետ նայում, դեմդ չես տեսնում, առաջ գնալուց դու չես կարող անընդհատ գլուխդ հետ պահելով առաջ գնաս։ Ուղղակի, այս անգամ սա հաստատ բացառություն է լինելու այդ սկզբունքից»։




















