Օդի աղտոտվածության հարցը, որ բարձրացվում էր, Ձեր խմբակցության ղեկավարը քամահրական «ստատուսներով» էր հանդես գալիս. Դանիելյանը՝ Հակոբյանին

Այս օրերին ամենաանհանգստացնող հարցերից մեկը, հատկապես Երևանում, օդի աղտոտվածության բարձր մակարդակն է: Էլեկտրական մեքենաներն այս խնդրի դեմ պայքարում լավ միջոց են, որովհետև մեքենանների արտանետումներն օդի աղտոտվածության հիմնական աղբյուրն են քաղաքներում, որտեղ բեռնվածությունը շատ է և մեքենաները, մասնավորապես կանգնած ժամանակ, վտանգավոր գազեր են արտանետում, ինչն էականորեն աղտոտում է օդը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով թեմային, արձագանել է ՔՊ պատգամավորին:
«Տիկին Հակոբյան, հիմնական աղբյուրը միայն մեքենաները չեն: Ամիսներ, տարիներ շարունակ օդի աղտոտվածության հարցը, որ բարձրացվում էր Երևան քաղաքի ավագանու նիստերի ժամանակ, Ձեր խմբակցության ղեկավարը քամահրական «ստատուսներով» էր հանդես գալիս»,-ասել է նա:
Դանիելյանն ընդգծել է, որ լավ է, որ արդեն սկսել են մտածել օդի մասին, բայց դա եթե շուտ լիներ՝ ավելի լավ կլիներ:
«Լավ է, որ արդեն տեղ է հասել, շատ ողջունելի է»,-եզրափակել է Գառնիկ Դանիելյանը:




















