Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու, բայց ոչ զինվորների մшհվան համար
- 1 hour ago
- 3 min read

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստում շարունակվել է մեղադրյալների հարցաքննությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
«Դատարանում ցուցմունք է տվել մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, ով մեղադրվում է վառարանը բենզինով թեժացնելու մեջ, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Հակոբյանը նշեց՝ մեղավոր է ճանաչում իրեն, որ վառարանը վառել է չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, բայց զինվորների մահը չի ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք, թե ինչի հետ է կապված մահը՝ իր համար նույնպես գաղտնիք է։
Նա պատմեց, որ դեպքի օրը Սոթքի զորամասում են եղել աշխատանքների, Տիգրան Մանասերյանը խնդրել է փոխարինել իրեն որպես պատասխանատու՝ ասելով, որ տեղ է գնալու, ինքն էլ համաձայնել է։ Նա պատմեց, որ ժամը 20։00-ի սահմաններում եկել են կացարան, երբ ներս է մտել, տեսել է, որ քաղաքացիական անձինք կան, սուճ էին խմում, ինչից հետո մոտ տասը րոպե անց նրանք գնացել են։ Ներսում, ինչպես պատմում է մեղադրյալը, գտնվել է նաև Մանասասերյանը, ընդհանուր խոսակցություն է եղել Մանասերյանի և զինվորների միջև՝ վերակարգի հետ կապված։ Հակոբյանի խոսքերով՝ ինքը միջամտել է, ասել, որ ինչպես Մանասերյանն է ասում, այդպես էլ պետք է լինի։
«Անձնակազմն ուրիշին էր ուզում, Մանասերյանն այլ մարդու էր ուզում վերակարգ կարգել։ Այս հարցի շուրջ վիճաբանություն եղավ, ավարտվեց։ Ոչ մեկին չեմ պաշտպանել, բայց նշել եմ, որ Մանասերյանը, որպես սպա, ինքը պետք է որոշի»,- նշել է նա։
Ժամը 23։00-ից, ըստ Հակոբյանի, շարժ չի նկատվել, զինվորներն արդեն քնած են եղել, վառարանը հանգել էր։
«Երբ նկատել եմ, որ հանգում է վառարանը, դուրս եմ եկել, նախամուտքի մոտ Լևոնին ասել եմ, որ վառարանը հանգել է, փայտ բերեք։ Որոշ ժամանակ հետո դուրս եմ եկել, գնացել եմ պահեստ, հետո մտել եմ ճաշարան։ Երբ հետ եմ եկել, տեսել եմ, որ փայտն արդեն դրված է վառարանի մեջ։ Հանգել էր կրակը, քանի որ թաց էր եղել փայտը։ Լևոնից ճշտել եմ՝ կա՞ մի բան, որ կարող ենք վառարանը կպցել, ասել է՝ չգիտեմ։ Գնացել եմ պահեստ, որ ինչ-որ վառելանյութ գտնեմ ու փայտը կպցնեմ։
Մտել եմ ճաշարան, Ռադիկին հարցրել եմ՝ ինչով կարող եմ կպցել, բենզին կամ դիզվառելիք որտեղի՞ց կարող եմ վերցնել։ Ռադիկ Մաթևոսյանը նշել է, որտեղ կա։ Մութ էր, հեռախոսի լույսով գնացել ու գտել եմ, տեսել եմ պլաստմասե և երկաթյա տարաներով դրված է։ Այդ ցրտին ու մթին հնարավոր չէր, վառելիքը երկաթյա տարներից մեկից քաշեմ ու հանեմ, տեսել եմ պլաստամսե տարաներից որի մեջ է քիչ, վերցրել ու մտել եմ ներս։ 5 լիտրանոց էր, կիսով չափ էր լիքը։ Այդ պահին հարմար այլ բան չկար, որ լցնեի մեջը։ Մտել եմ ներս, այդ ընթացքում Ռադիկ Մաթևոսյանը, Լևոն Խառատյանը նույնպես ներս էին մտել։ Ընթացքում սուրճ ենք խմել։ Վառարանն արդեն հանգած էր, ես վերցրեցի՝ որպեսզի թեժացնեմ վառարանը։ Լցրեցի, վերևի կափարիչը փակեցի, զգացի ծուխ է դուրս գալիս, կափարիչը բացեցի, միանգամից բոցը տվեց դեմքիս, դեմքս այրվեց։ Այդ պահին շիշը ձեռքումս էր, ընկավ գետնին։ Հետ եմ քաշվել, երբ աչքերս բացել եմ, տեսել եմ, որ կրակը տարածվում է դրսի մուտքի մոտ։ Տեսա, որ Լևոնն ու Ռադիկը ուզում են ոտքով հանգցնել»,- պատմեց Հակոբյանը՝ նշելով, որ մինչև Լևոնի դուրս գալը դրսում ձայներ է արդեն լսել, զինծառայողների ձայներ էին, գոռում էին՝ «տղերք, վեր կացեք, հրդեհ է»։Հրդեհաշիջման միջոցներ Հակոբյանը չի տեսել։
Հակոբյանը նշեց, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու չեն արթնացել 15 զինծառայողները․ «Ես ինքս էլ եմ վերլուծել, չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ հարցի պատասխանը չեմ գտնում։ Եթե կարողացել է երկու զինծառայող դուրս գալ ննջարանի լուսամուտից... «Իրոք, ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ինչու չեն արթնացել։ Եթե կարողացել են երկու զինծառայողները, որոնք ննջարանի մեջտեղի մահճակալին են պառկած եղել, դուրս գալ, լուսամոտի մոտ պառկածները պետք է ավելի շուտ լսեին ձայները»։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2023թ․ հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված վարույթը միացվել էր մայր գործին։ Մեղադրյալներից մեկը կապիտան Եղիշե Հակոբյանն է, ով, ըստ մեղադրանքի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Հատկանշական է, որ այդ վարկածը դեպքից անմիջապես հետո կառավարության նիստում շրջանառել է Նիկոլ Փաշինյանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։
Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա՝ Եղիշե Հակոբյանը, Գոռ Աղեկյանը, Մառլեն Սարգսյանը, Գոռ Մարգարյանը, Տիգրան Ղազարյանը։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից»,-գրում է կայքը։




















