Երեխային առնչվող ոչ մի իր ներկա պահին չի գտնվել. 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
Այսօր վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը, ում խոսքով՝ ներկա պահին ներգրավված են շուրջ 100 փրկարարներ։
Նա նշեց, որ ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ՝ Մարմարիկ գետի 15 կմ երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
Սեդրակյանի խոսքով՝ որոնողական աշխատանքներին ներգրավված են ջրասուզակներ, մոտորանավակներ, կամավորներ․
«Աղբյուրակի ջրամբարում են կենտրոնացված որոնողական աշխատանքները, քանի որ գետը լցվում և հանդարտվում է, բայց նաև բնակավայրերում են որոնողական աշխատանքներ տարվում»։
Հարցին, թե գետն ընկնելը վերջնական վարկա՞ծն է՝ Սեդրակյանը պատասխանեց. «Շատ վարկածներ են առաջ քաշվում, բոլորն էլ ստուգվում են»։ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը նշեց, որ երեխան՝ Տիգրանը, եղել է կապույտ գույնի հագուստով և շագանակագույն սպորտային կոշիկներով. «Ինչ իր գտնում ենք, հարազատներից ճշտում ենք։ Ներկա պահին ոչ մի իր չի գտնվել»։