«Իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին». Բագրատ Սրբազան
- Elen Hovsepyan

- Oct 2, 2024
- 1 min read

«Երեք գիշերվանից սկսած իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին, այսօր էլ փողոցից առանց պատճառի կալանել, տարել են այն մեքենան, որի վրա դրված էին մեր երաժշտության սարքերը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Խոսելով այն մասին, որ այսօր ԱԱԾ–ը հայտարարություն էր տարածել, և կոչ արել հավաքի մասնակիցներին զերծ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, Բագրատ Սրբազանն ասաց.
«Այդ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է այսօրվա իշխանությունների հակասահմանադրական, հակապետական գործունեությանը։ Վերջապես ԱԱԾ–ը կարողացավ ուժ գտնել իր մեջ և այդ հայտարարությունն անել։ Մինչև հիմա ազգային անվտանգությունը պետք է ձերբակալած լիներ այդ մարդկանց»։
Անդրադառնալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքին, շարժման առաջնորդը նշեց.
«Քանի գոյություն ունի այս չաիքի իշխանությունը, մեր պայքարը շարունակվելու է։ Թե ինչքան կտևի դա, կախված է նրանից թե որքան արդյունավետ կգործենք մենք և ինչ կերպով կհասնենք մեր նպատակին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Սրբազան շարժման» հանրահավաքը։




















