«Փաստ». Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում
- 10 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին պարբերաբար խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ մարզային որոշ բնակավայրերում քպական, այսպես կոչված, «գյուղապետերը» կամ նրանց «լիազոր ներկայացուցիչները» այցելում են մարդկանց տներ և սկսում հարցաքննության նմանվող խոսակցություններ՝ պարզելու, թե ում են պատրաստվում ընտրել հունիսի 7-ին։
Մեզ ահազանգած քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ նկատել են, թե ինչպես են այդ զրույցները գաղտնի ձայնագրում՝ առանց մարդկանց համաձայնության կամ նույնիսկ իրազեկման։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, եթե քաղաքացին արտահայտում է ՔՊին աջակցող դիրքորոշում, նա միանգամից «անցնում է ստուգումը»։ Իսկ եթե ոչ, ապա սկսվում է հաջորդ փուլը։ Ընթացքում «հյուրերն» ակնարկում են, որ իրենք անձնական ոչինչ չունեն, բայց «ստիպված են լինելու» զրույցի մանրամասները հայտնել իրավապահ մարմիններին: Նպատակը մարդկանց «աչքը վախեցնելն է»։
Մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը նշում էր, որ սա այլևս չի կարելի անվանել պարզապես ընտրական գործընթաց, սա վերահսկման և վախի համակարգ է, որ կիրառում են իշխանությունները ընտրողների նկատմամբ։ Առավել ևս, որ հենց իրավապահ համակարգը ոչ թե պաշտպանում է օրենքը, այլ ծառայեցվում է իշխանությունների քաղաքական նպատակներին։
Միևնույն ժամանակ, մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ նման մեթոդները լավատեսական հույսեր չեն ներշնչում, որովհետև մեծամասնությանը վախեցնել չի հաջողվում, և նրանք կա՛մ հստակ պատասխանում են, որ այս ամենը հանդուրժել չեն ցանկանում, կա՛մ «դիվանագիտորեն» խուսափում են ուղիղ պատասխան տալ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















