Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ների հայտարարությունը՝ Վարդան Ղուկասյանի խտրական արտահայտություններին
17 հասարակական կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում թույլ տված անընդունելի արտահայտությունների առնչությամբ։Հայտարարությունը՝ ստորև․ «Երեկ, 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների թեկնածու Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել կանանց նկատմամբ խտրական և անընդունելի արտահայտություններով, որն է` «․․․ Հետո, այս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց… ես չգիտեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ ասված է՝ «վայ ձեր կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառ են դառնում»:
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խստորեն դատապարտում են ցանկացած ատելության խոսք և խտրական տարրեր պարունակող հանրային հայտարարություններն ու խոսույթները։ Կանանց նկատմամբ նմանատիպ արտահայտությունները ոչ միայն խախտում են էթիկայի տարրական նորմերը, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթները, ինչպիսիք են՝ 3-րդ, 77-րդ և 29-րդ հոդվածները, ինչպես նաև մի շարք մարդու իրավունքների ներպետական և միջազգային սկզբունքները։ Կարծում ենք, որ քաղաքական գործչի կողմից հանրայնորեն հայհոյանքները, բռնարար վարքագիծն ու խտրական վերաբերմունքը խրախուսելը ոչ միայն կասկածի տակ է դնում քաղաքացուն՝ որպես բարձրագույն արժեք ընկալելը, այլև վտանգ է ստեղծում իրավունքների լիարժեք իրացման համար:Այսօրինակ մոտեցումները կարող են նպաստել հասարակական և իրավական կարգուկանոնի պահպանմանն ու նպաստել քրեական ենթամշակույթի խորացմանը։ Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործիչ պետք է գիտակցի իր կողմից արված ցանկացած հայտարարության ազդեցությունը և չնպաստի գենդերային խտրականության, ատելության խոսքի և/կամ խտրականության խորացմանը, ինչպես նաև, պետք է նպաստի հավասարության և փոխըմբռնման ամրապնդմանը։Նկատում ենք, որ այն միակ դեպքը չէ, ուստի, կոչ ենք անում՝ բացառել խտրական արտահայտություններն ու խոսույթները։ Հասարակությունը պետք է մերժի և չլեգիտիմացնի կանանց նկատմամբ ատելության խոսքը՝ նպաստելով արդար և ներառական միջավայրի ստեղծմանը»։
1․ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ2․ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ3․ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ4․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ5․ «Կանանց Կենտրոն․ Շուշի» ՀԿ6․ «Փինք» իրավապաշտպան ՀԿ7․ «Իրավունքի ուժ» ՀԿ8․ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ9․ «Ընտանիք առանց բռնության» ՀԿ10․ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ11․ «Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» ՀԿ12․ «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ13․ «Երիտասարդ ավանգարդ» ՀԿ14․ «Հանուն Իրավահավասարության Իրավապաշտպան» ՀԿ15․ «Կանանց հզորացման ռեսուրսային կենտրոն» ՀԿ16․ «Թալին-Հույս» սոցիալական ՀԿ17․ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ




















