«Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, բոլորս վայր կդնենք լիազորությունները»․ Ռոմիկ Մխիթարյան
- Elen Hovsepyan
- 4 hours ago
- 2 min read
Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ընդգծել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը։
-Պարոն Մխիթարյան, Նոր Նորքի թաղապետ, ձեր կուսակից ընկեր Տիգրան-Տեր Մարգարյանը երեկ ծեծել է քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Տեր-Մարգարյանի արարքն ընդունելի՞ է Ձեզ համար։
-Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետև մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետև առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաև անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի․․․
․․․-Պաշտոնյան պետք է իրեն կարողանա կառավարել, էմոցիոնալ վարք կարող են դրսևորել ակտիվիստները, շարքային մարդիկ, բայց․․․
-Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, բայց երբ մարդուն հասցնում են, դու չես կարող ասել՝ այդ պահին ինչ կերպ կդրսևորես․․․
․․․-Իսկ Տեր-Մարգարյանը պե՞տք է ազատվի թաղապետի պաշտոնից։
-Ըստ իս՝ ոչ։
-Չե՞ք կարծում, որ նա նույն վարքը կարող է դրսևորել նաև հետագայում թաղապետարան մտած այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրեն կարող է երբևէ վիրավորել։
-Իհարկե ոչ, ես Տիգրան Տեր-Մարգարյանին ճանաչում եմ երկար տարիներ, իմ կուսակից ընկերն է և 99 տոկոս նման դեպքերում ինքը զսպվածություն է դրսևորելու։ Այդ սադրանքը բոլորիս մոտ էլ լինում են․․․
․․․-Դա սադրա՞նք էր, թե՞ քննադատություն։
-Դա քննադատություն չի, քննադատությունը պետք է լինի արդարացի։ Ինձ մոտ որ գալիս են, ասում են՝ այ էս խնդիրը խոսք եք տվել, չեք արել, ես ընդունում եմ դա, աշխատում եմ կատարել, նույնն էլ կատարվում է վարչական բոլոր շրջաններում։
-Ամեն դեպքում, հանրային այս մեծ աղմուկից հետո եթե Տիգրան Ավինյանը որոշի նրան ազատել զբաղեցրած պաշտոնից, Դուք կհրաժարվե՞ք ձեր պաշտոնից՝ գնալով ձեր կուսակցի հետևից։
-Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու` մենք դա քննարկել ենք կուսակցությունում, մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները։
-Իսկ «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի՞։
-Մենք վայր կդնենք մեր լիազորությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։