top of page

«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները կոչ են արել Հայաստանին նոր մասնակից ընտրել

Oct 23, 2024
1 min read

«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ պարզաբանելով, թե ինչու են մերժել «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթում ընտրված զգությամբ ռուս Իրինա Զախարովայի մասնակցությունը նոյեմբերի 16-ին Մեքսիկայում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։ 

Ավելի վաղ Miss Universe Armenia-ն հայտնել էր, որ  «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարող մեկնել Մեքսիկա ՝ մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։

«Մենք երկար էինք նախապատրաստվել, և յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու համար։ Ինչևէ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան դժվարին որոշում է կայացրել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից»,- նշել էին Miss Universe Armenia-ից։ 

Մինչդեռ «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչների հայտարարության համաձայն,  «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի բավարարել «Միսս Տիեզերք» նախնական մրցույթի լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով սահմանված պահանջներին. «Այս իրավիճակը նաև խախտում է մեր Ազգային տնօրենների գործառնական ձեռնարկը, որը պահանջում է, որ տիտղոսակիրն ունենա այն երկրի վավերական անձնագիրը, որը նա ներկայացնում է»:

«Մեր տնօրենի ձեռնարկը 3-րդ բաժնում ընդգծված է, որ «Հաղթողը պետք է ունենա վավերական անձնագիր՝ տրված այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է»: Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին:

Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ Կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին: Այս որոշումը վերահաստատում է մեր հավատարմությունը արդար և անաչառ գործընթացին, որը հարգում է մրցույթի նորմերն ու էթիկական չափանիշները:

Մենք կոչ ենք անում հայաստանյան մեր գործընկերներին օպերատիվ կերպով ընտրել նոր տիտղոսակրի՝ հաշվի առնելով, որ եզրափակիչ մրցույթի անցկացմանը մնացել է մեկ ամիսց էլ քիչ ժամանակ։  Մենք վստահ ենք, որ այս քայլերը կօգնեն պահպանել «Միսս Տիեզերք» մրցույթի ամբողջականությունն ու հեղինակությունը»,- նշված է հայտարարության մեջ։ 




1/2990
bottom of page