ՌԴ-ն յուրաքանչյուր նոր հարձակմամբ միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին. Զելենսկի

Ուկրաինայում խաղաղ կարգավորման փորձերին ի պատասխան՝ Ռուսաստանի իշխանությունները արհամարհանք են հայտնում ամբողջ աշխարհին և «միջնամատ են ցույց տալիս»։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո, գրում է dw.com-ը:
«Շատերն են խոսել Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում։ Որևէ զրույց չի հանգեցրել ո՛չ հուսալի խաղաղության, ո՛չ պատերազմի ավարտի։ Դժբախտաբար, Պուտինը զգում է անպատժելիություն, և նույնիսկ ռուսական բոլոր սարսափելի հարվածներից հետո, նա, իբր, պատրաստում է ևս մի քանի պատասխաններ: Յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր հետընթացով Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին՝ բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա», - հավելել է Զելենսկին։Նա կոչ է արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի այն «զգա, որ պատերազմն իր գինն ունի»։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի կողմից ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը։ Սա լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, իսկապես», - պատասխանել է նա, երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նման հայտարարություն իրականում արվել է։
Պեսկովը նշել է, որ պատասխանը կլինի այն ժամանակ, երբ ռուսական զինվորականները դա նպատակահարմար համարեն։Հունիսի 4-ին Թրամփը հաղորդել էր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։ Նա ասել էր, որ զրույցի թեմաներից մեկը Ուկրաինայի կողմից ռուսական ռազմավարական ավիացիան տեղակայող օդանավակայաններին հարվածելու գործողությունն էր՝ FPV անօդաչու սարքերի կիրառմամբ։
Հունիսի 1-ին ուկրաինական անօդաչու սարքերը միաժամանակ հարձակվել են Ռուսաստանի տարբեր մասերում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Զինվորականների կամ քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չեն եղել։




















