top of page

Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությանը, իսկ «Ծառուկյան» հիմնադրամը Հայաստանում մի շարք միջոցառումներ է նախաձեռնել. Իվետա Տոնոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read

Ունենք բացառիկ հնարավորություն՝ խոսելու ոչ թե մեր պարտությունների, այլ հաղթանակի մասին: Պետք է ամեն ինչ անել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելու համար և թույլ չտալ, որ պատմական իրողությունները խեղաթյուրվեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախագծերի համակարգող Իվետա Տոնոյանը:

Այս տարի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել է հաղթանակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ մարշալ Բաղրամյանի թանգարանի բացումից մինչև «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթը, հեռուստատեսային «Հաղթանակի ժամանակը» հաղորդաշարից մինչև 1945 թվականի խաղողի բերքի սպիրտներից պատրաստված «Հաղթանակ» կոնյակի հատուկ խմբաքանակի թողարկումը:

Տոնոյանի խոսքով` իրենք հարցազրույցների շարք են անցկացրել վետերանների հետ, որը պատմական ժառանգություն է մնալու։ Շուրջ երեք տասնյակ վետերան այսօր ողջ են, և կա հնարավորություն առաջին ձեռքից լսել այն պատմությունները, որոնց շնորհիվ կերտվել է այդ հաղթանակը։ Պատմաբանների, մասնագետների հետ զրույցում որոշ պատմական փաստեր նորովի են բացահայտվել։ Տոնոյանի խոսքով՝ այսօր որոշակի ուղղորդված գործընթացների արդյունքում փորձ է արվում ստվերել հայ–ռուսական հարաբերությունները: Տոնոյանն իր ասուլիսում անդրադարձավ Հաղթանակի տոնի առթիվ  Մոսկվայում անցկացված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպին, որին մասնակցում էր 29 երկիր , այդ թվում և Ադրբեջանը:

Իվետա Տոնոյանը նաև անդրադարձավ հարցին,   թե երբ է տեղադրվելու Հիսուս Քրստոսի արձանը: Նրա խոսքով՝ համապատասխան շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, քանի որ Հատիս լեռան հատվածում անցկացվող պեղումներն արդեն ավարտվել են: Ասուլիսի վերջում, Տոնոյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին, իսկ վաղը՝ մայիսի իննին, տեղի կունենա ավանդական «Անմար գունդ» խորագրով քայլերթը Երևանում՝ նվիրված  մայիսյան Եռատոնին: 

1/2108
bottom of page