top of page

«Հ1» հրավիրում են մարդկանց, որոնք Փաշինյանի ֆան կլուբն են. հետո նրանք հայտնվում են ՔՊ ցուցակներում. Կարապետյանց

  • 3 hours ago
  • 2 min read


Ակնհայտ էր, որ «Հ1»-ը երբևիցե չի ծառայել իր նպատակներին, մենք ակնհայտորեն տեսել ենք, որ «Հ1»-ն բոլոր ժամանակներում օգտագործվել է ըստ քաղաքական նպատակահարմարության, բայց երբևիցե Հ1-ով հակահայկական պրոյեկտների այսպիսի մեծ աջակցություն ու սատարում չի եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Նժար» հասարակական-քաղաքական ուժի ղեկավար Նինա Կարապետյանցը։

«Երբեք ֆունդամենտալ իրավունքներ այսչափ խախտված չեն եղել, այսինքն խղճի ազատությունը, առանձին կրոնական կազմակերպության հետ վերաբերմունքը, ինչը մենք գնահատում ենք լրջագույն խնդիր: Բազմաթիվ այլ խնդիրներ կան, կարծում եմ՝ բոլորն են տեսել եթերներում, թե ինչպես, օրինակ, ընդդիմադիրներին հնարավորություն չեն տալիս խոսելու, նույն բանավեճերի ժամանակ ինչ պրոբլեմներ են ստեղծում: «Հ1»-ը ուղղակի չի ելնում պետության կողմից սահմանած օրենքներից, և սա անում է անպատիժ ընտրություններն ընդառաջ։

Ակնհայտ է, որ որևէ իրական ընդդիմադիր ուժ չի կարողանալու այս համակարգի մեջ հնարավորություն ունենալ լսելի լինել, տեսանելի լինել։ Բառացիորեն հրավիրում են մարդկանց, որոնք որ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներն են, ֆան կլուբն են, իր հակաիրավական, հակապետական թեզերը տարածողներն են, և այս մարդիկ հետո հայտնվում են ՔՊ-ական ցուցակների մեջ։ Այսպես կոչված, «անկողմնակալ էքսպերտների» ցուցակն էլ կա սահմանած, ու սա պետք է ինչ-որ ձևով կանխել։

Բնականաբար մենք չենք ավարտելու միայն դատախազություն դիմելով, որովհետև թեև վստահ ենք, որ կա օրենքի խախտում, հույս  չենք կապում, որ իշխանությունները, ներկայիս գործող գլխավոր դատախազը արձագանք կտա։ Պարզ է, որ սա չի լինելու, բայց սկսել իրավական պրոցես շատ կարևոր ենք համարում։

Մենք մոնիտորինգ ենք իրականացրել, և այդ մոնիտորինգի արդյունքում արձանագրված խնդիրները պիտի ներկայացնենք նաև միջազգային գործընկերներին, դիվանագիտական կորպուսին։ Պնդումները, թե իբր Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, մարդու իրավունքները երբեք այսքան պաշտպանված չեն եղել, մեղմ ասած, կեղծիք է»,– հայտարարեց նա։

Հարցին՝ ընտրությունների նախարշեմին Հանրային հեռուստաընկերությունը կփոխի՞ իր մարտավարությունը, նա պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է լինելու, որովհետև ի վերջո երբևիցե իշխանությունը պիտի փոխվի, և այն պաշտոնյաները, որոնք իրավունք են խախտել, օրենք են խախտել, պիտի իմանան, որ անձնական պատասխանատվություն են կրելու։ Սա վրեժխնդրության հարց չի, սա ինչ-որ մեկին անպայման բանտում տեսնելու մոլուցք չի, սա հստակ պատկերացում է։

Չի կարելի թույլ տալ, որ երկիրը դառնա ուղղակի մի խմբակի տրամադրության տակ։ Միշտ էլ ընդդիմադիրները ավելի քիչ ձայներ են ունեցել, միշտ իշխանական կողմը  ավելի շատ է լուսաբանվել, բայց երբ Հայ առաքելական եկեղեցու իրավունքները խախտվում են այս աստիճանի, երբ հակասահմանադրական գործողությունները լուսաբանվում են Հ1-ով և զուգահեռաբար օրինակ, հայկական նվիրական տոները որևէ կերպ չեն լուսաբանվում, սա անգամ բարոյական նորմերից դուրս է։ Սա պետք է կասեցվի»։

 
 
1/2662
bottom of page