Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին խոսակցություն ունենք, որոշակի ըմբռնում էլ կա, բայց վերջնական ձևավորված մեխանզիմը չկա. Արարատ Միրզոյան

Սահմանային կրակոցներն, անշուշտ, մտահոգիչ են, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ-որ դրվագով կարող ենք ասել՝ նաև ադրբեջանական կողմից։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բայց որպեսզի բավարար չափով ամեն ինչ պարզվի և բավարար չափով ասենք, որ վաղն էլ չի լինի, ցավոք սրտի, չենք կարող»,-ասաց նա։
Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմին տեղեկացնում են կրակոցների մասին նաև փաստական տվյալներով, որ այդ կրակոցներն Ադրբեջանից են։ Բայց Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։
«Հրապարակային անդրադարձներով և հանդիպումներին ասում են՝ չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում։ Մենք էլ ասում ենք՝ դե դուք տվեք փաստական ապացույցներ, և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանզիմ՝ մասնագետների կողմից, որոնք կկարողանան մոտենալ կոնկրետ վայր ու փորձել հանգամանքներն ուսումնասիրել։ Հիմա խոսակցություն ադրեբաջնական կողմից ունենք, որոշակի ըմբռնում էլ կա, բայց վերջնական ձևավորված մեխանզիմը չկա»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ ԵՄ դիտորդները մի քանի առիթներով հանդես եկել են հայտարությամբ, մի քանի առիթով արձանագրել են միջադեպ, բայց ասել են, որ տեղում չենք եղել, ըստ այդմ էլ, եզրակացություն չեն կարող անել։




















