Ինչո՞ւ է Ֆիդանը աջակցում Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարած ուժին․ Նարեկ Կարապետյան

Մենք միտված ենք մեր բոլոր դաշնակիցների հետ հարաբերությունները լավացնելու, միտված չենք վատթարացման գնալու։ Սամվել Կարապետյանի տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նա հայկական շահերի առաջնահերթությունն է միշտ սպասարկել, և որտեղ նա եղել է հայ ազգի անունը բարձր է եղել, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե իրենց ուժը ռուսամե՞տ է։
«Մենք ոչ հակառուս ենք, ոչ էլ հակաիրանական ուժ ենք, մենք միտված ենք լավացնել հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ»,- շեշտել է Կարապետյանը։
Հարցին՝ ինչու է Ռուսաստանը աջակցում իրենց ուժին, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ինչու՞ է Ֆիդանը աջակցում Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարած ուժին։ Կրկին կարդացեք Ֆիդանի հայտարարությունը. Օսմանյան կայսրության հետնորդ երկրի արտաքին գործերի նախարարը, ով սատարել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին, ուղիղ աջակցություն է հայտնել նաև ՔՊ կուսակցության ղեկավարին։ Ցանկանում է, որ ընտրություններում ՔՊ-ն հաղթի, բայց այստեղ կարևորը ոչ թե նրանց ցանկությունն է, այլ մեր ազգի ցանկությունը»։




















