Զելենսկին ՌԴ պատվիրակությանը բուտաֆորիա է անվանել, Զախարովան Զելենսկուն՝ ծաղրածու
- Elen Hovsepyan
- 8 hours ago
- 1 min read
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում կայացած բանակցություններին ռուսական պատվիրակության մակարդակը ձևականություն է անվանել։
«Մենք սկսում ենք հանդիպումներ նախագահ Էրդողանի հետ՝ թուրքական ընդլայնված պատվիրակության կազմով։ Մենք կապի մեջ ենք ամերիկյան կողմի հետ, և, կարծում եմ, որ նրանք նույնպես բարձր մակարդակով ներկայացված կլինեն Թուրքիայում։ Եթե նայենք ռուսների մակարդակին, մեր տեսանկյունից այն ավելի շատ բուտաֆորիա է հիշեցնում», - ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսվում են օրվա երկրորդ կեսին։ Բանակցություններին ՌԴ-ն ներկայացնում են Վլադիմիր Մեդինսկին՝ Ռուսաստանի նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար), Միխայիլ Գալուզինը՝ ԱԳ փոխնախարար, Իգոր Կոստյուկովը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, Ալեքսանդր Ֆոմինը՝ Պաշտպանության փոխնախարար:
Զելենսկու և Էրդողանի հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 15,00-ին։Զելենսկու խոսքով՝ հաջորդ քայլերը պարզ կլինեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որը կտևի մի քանի ժամ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական պատվիրակության մասին Զելենսկու գնահատականները, ասել է՝ «վաստակավոր մարդկանց մասին խոսում է ծաղրածուն և անհաջողակը»։