top of page

Կամո Հայրապետյան. Մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները

Jun 11, 2025
2 min read

Հայաստանում վերջին շաբաթներին նկատվում է  Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ իշխանությունների կողմից ճնշման կտրուկ ուժեղացում։ Պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին անհանգստությամբ հետևում են հայկական Սփյուռքում, որտեղ ՀԱԵ դերն ու հեղինակությունն ավանդաբար մեծ է։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հարձակումների, Հայ ժողովրդի կյանքում եկեղեցու դերի, Հայաստանում լարված իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Կամո Հայրապետյանի հետ, գրել է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի Հայերի միության մասնաճյուղի կայքը։

-Կամո Տիգրանի, վերջին շրջանում մենք նկատում ենք Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև լարվածության սրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Հայաստանում իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ թույլ են տալիս բացահայտ մեղադրանքներ հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

-Ես սա համարում եմ իրադարձությունների բացարձակապես անընդունելի և չափազանց վտանգավոր զարգացում։ Հայ եկեղեցու, նրա հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վրա հարձակումները հարված են հայ ժողովրդի հենց սրտին։ Սա փորձ է խարխլելու մեր ազգային ինքնության հիմքը, զրկելու մեզ հոգևոր հենարանից հատկապես Հայաստանի համար այս դժվար ժամանակներում։ Դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցին եղել է ոչ միայն կրոնական ինստիտուտ։ Շատ դեպքերում այն եղել է մեր մշակույթի, լեզվի, ավանդույթների պահապանը։ Եկեղեցին պաշտպանել է ազգին ամենադժվարին պահերին՝ պատերազմի ու զրկանքների ընթացքում։ Հենց Եկեղեցին է ունեցել ամենամեծ ավանդը աշխարհով մեկ ցրված հայ ժողովրդի միավորման գործում և թույլ չի տվել, որ լուծվենք օտար մշակութային միջավայրում։

-Դուք նշեցիք Եկեղեցու դերը Սփյուռքում։ Որքա՞ն կարևոր է դրա ազդեցությունը Հայաստանից դուրս գտնվող հայկական համայնքներում։

-Սփյուռքում եկեղեցու նշանակությունն անգնահատելի է։ Շատ դեպքերում եկեղեցու շնորհիվ  հայկական համայնքները կապ են պահում հայրենիքի հետ, պահպանում են իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթները։ Հայաստանից դուրս ապրողների համար Եկեղեցին ձգող կենտրոն է. այն կազմակերպում է կիրակնօրյա դպրոցներ, մշակութային կենտրոններ, բարեգործական միջոցառումներ։ Այն օգնում է հայերին ինտեգրվել նոր միջավայրում՝ առանց կորցնելու իրենց ազգային ինքնությունը։

Հետևաբար, Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները ցավագին են ընդունվում սփյուռքում։ Ողջ աշխարհում սփռված հայերը տագնապած հետևում են տեղի ունեցողին։ Նրանք հասկանում են, որ Եկեղեցուն ուղղված հարվածը նաև հարված է ողջ հայ ժողովրդին, նրա ապագային։

-Կամո Տիգրանի, ի՞նչ եք ցանկանում ասել այսօր Հայաստանի քաղաքացիներին, ողջ հայ ժողովրդին։

-Ուզում եմ ասել, որ չկորցնենք մեր հույսը, որ հավատանք մեզ ու մեր ժողովրդին, որ հիշենք մեր պատմությունը, ավանդույթները, մշակույթը, որ միասնական լինենք, միմյանց աջակցենք, որպեսզի միասին կառուցենք Հայաստանի ապագան։

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում քիչ ողբերգություններ չի ապրել։ Բայց երբեք մենակ չենք եղել, միշտ մեր մեջ ուժ ենք գտել ոտքի կանգնելու ու առաջ գնալու համար։ Վստահ եմ՝ նաև հիմա Հայաստանում ու Սփյուռքում մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել ուժեղ ու բարգավաճ Հայաստան։

Զրուցեց Արտեմ Դվինովը

 
 
1/2990
bottom of page