top of page

Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Բաքվի բանտերում պահվող հարազատներից

Jun 23, 2025
2 min read

Մի քանի ամիս ընդմիջումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեսակցելու Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիներին։ MediaHub-ը կապ հաստատեց գերեվարված տղաներից մեկի մոր հետ, ով գերեվարվել էր դեռ 2023 թ-ի սեպտեմբերին՝ ռազմագերու կարգավիճակով։ 

«Դադարից հետո Կարմիր խաչն այցելել էր մեր գերեվարված տղաներին, իհարկե, հերթական հաղորդագրությունն են տարածել, բայց դա կապ չունի, մենք՝ ծնողներս, ուրախ ենք, որ մեր երեխաներին, մեր հարազատներին այցելող է եղել... Ես չեմ պատկերացնում, որ դա չլինի՝ ի՞նչ ենք անելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը փակում է իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը:  Գերեվարվածների հարազատները կարծում են, որ Կարմիր խաչը փակելով՝ կլինեն և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ իրավական մեծ հետևանքներ, քանի որ Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն է, որը տեղեկություն է տարածում ռազմագերիների մասին։

«Տեսագրություններ էլ են մեզ ուղարկում, երկու ամիս առաջ տղաս նորմալ, առողջ վիճակում էր, իսկ այժմ ուղարկված տեսագրությունում տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար, գնալով վիճակն ավելի է վատանում բոլոր գերիների»,- ասաց գերեվարվածի ծնողը։

Եթե ԿԽՄԿ-ն վերջնականապես փակվի, ըստ մեր զրուցակցի, կավելանան բռնությունները, ճնշումները, խտրական վերաբերմունքը, կդժվարանա բժշկական օգնության հասանելիությունը մեր գերիների համար և կապը ընտանինքների հետ կդժվարանա:

«Եթե հիմա գոնե մի քիչ կապ կա, ապա ԿԽՄԿ-ի բացակայության դեպքում կապ ընդհանրապես չի լինի։ Չորեքշաբթի օրը կրկին պետք է զանգեն.... ոչինչ էլ չկա, ձգձգվող դատավարություններ են, հույս ունենք, իհարկե, որ եթե այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվի, մեր երեխաները կվերադառնան, բայց դեռ վաղ է խոսել, ոչինչ չգիտենք»,- հավելեց նա։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում պահվում է 23 հայ գերի, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը՝ 2023-ին։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Մարիաննա Արամյան

 
 
1/2990
bottom of page