top of page

Եթե, որպես ընդդիմադիր քաղաքապետ ընտրվեմ, համոզված եմ, որ դրանից շահելու է միայն Գյումրին և գյումրեցին. Մարտուն Գրիգորյան

Mar 7, 2025
3 min read

Տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հանդիպումը իր կողմնակիցների և ակտիվիստների հետ։ Գրիգորյանը քաղաքապետի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Մեր քաղաքը» դաշինքով, որի կարգախոսն է. «Քաղաք, որին արժանի ես դու»։

Հանդիպման մեկնարկին նշվեց, որ Մարտուն Գրիգորյանը քաղաքական պայքարի 18 տարվա բարդ ու դժվարին ճանապարհ է անցել, երբևէ Գյումրին չի լքել, չի խաբել, չի խլել, չի թալանել, չի հեռացել, այլ մնացել է ու փորձել հարազատ քաղաքի զարգացման համար անել հնարավորն ու անհնարը։ Գրիգորյանն այդ ընթացքում անձնական միջոցներից ընդհանուր առմամբ 536.5 մլն դրամի աջակցության և ներդրումներ է արել գյումրեցիների համար՝ նաև իր հիմնած «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ-ի միջոցով։

«Շատ մեծ դժվարությամբ եմ այս որոշումը կայացրել, մեծ պատասխանատվություն ունեմ և այդ պատասխանատվությամբ գնալու եմ առաջ»,-իր ելույթում նշեց Գրիգորյանը և հավելեց. «Բոլորս գիտենք, թե այս տարիների ընթացքում մեր երկիրն ինչ փորձություններ տեսավ, պատերազմ, կորուստներ, կորոնավիրուս և աստված գիտի, թե առաջիկայում ինչ նոր մարտահրավերներ և փորձություններ են սպասվում մեզ։

Քաղաքապետի ընտրություններին մասնակցելս ինքնանպատակ չէ։ Եթե մարդիկ կան որոնց համար քաղաքապետի ընտրություններին մասնակցելը թրենդային է, մոդայիկ, ինքնաներկայանալու միջոց, թաքստոց, ինչու չէ՝ առաջադարվելով, իրենց խնդիրները լուծելով փորձում են նաև մեծ ծառայություններ մատուցել իշխանություններին, ապա իմ պարագայում այն արժանապատվության, ինքնասիրության, պատասխանատվության, նամուսի, թասիբի հարց է։

Հիշեցնելով, որ 14 տարի լինելով խորհրդարանում՝ Մարտուն Գրիգորյանն ասաց. «Այս տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ ես մեր քաղաքի հետ կապված խնդիրենրը, հոգսերը, հնարավորության և ձայնի իրավունք ունենալու դեպքում, չբարձրաձայնեմ և չփորձեմ այդ խնդիրներին լուծումներ բերել»։

Խոսելով իր թիմի միջոցով Գյումրու հազարավոր խնդիրները լուծելու և դժվարին վիճակից դուրս բերելու մասին՝ Գրիգորյանն ասաց. «Ես այսօր հանձն եմ առնում և պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա, որ անձամբ եմ փորձելու քաղաքի հետ կապված խնդիրներին լուծում տալ։ Սիրելի գյումրեցիներ, ես այսօր բոլորիդ առաջ հայտարարում եմ, որ Մարտուն Գրիգորյան քաղաքապետը ի վիճակի կլինի Գյումրում փոխել տրամադրությունները և բարոյահոգեբանական վիճակը՝ կառուցելու այն ավնտանգ, ապահով և գունավոր քաղաքը, որտեղ կապրեն ժպտացող մարդիկ»։

Նա նշեց, որ իր նպատակն է լինելու վերականգնել հարգանքը հեղինակություն ունեցող մարդկանց նկատմամբ, արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, ընտանեկան արժեքները, հարգանքը մեծի ու փոքրի նկատմամբ։

Գրիգորյանի խոսքով, քաղաքապետ ընտրվելու դեպքում իրեն գնահատված է զգալու բանվորը, արհեստավորը, բուժաշխատողը, մտավորականը, մշակութային գործիչը, զինվորականը, քաղաքացիական ծառայողը, իսկ ուսանողն ու սպորտսմենը պետք է անի ամեն ինչ, որպեսզի քաղաքի փառքն ու ոսկյա մեդալների հավաքածուն ավելին լինեն։

«Մարտուն Գրիգորյան քաղաքապետն ամեն ինչ կանի, որպեսզի Գյումրին դառնա կանչող, պահանջված տուրիստական քաղաք՝ երիտասարդական էներգիայով լի։ Եվ ես իմ ամբողջ հեղինակությամբ  բոլորիդ առաջ հայտարարում եմ՝ կարող եմ և լինելու եմ ձեզ համար այն քաղաքապետը, որին արժանի եք դուք»,-ասաց Գրիգորյանը և համոզմունք հայտնելով, որ  առանց արտառոց միջադեպերի քարոզարշավ են անցկացնելու և պատվով են դուրս գալու այդ փորձությունից։

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված են հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ մարզիկներ ուսանողներ։

Ավագանու թեկնածու Սվետլանա Ադամյանն իր խոսքում ասաց, «Մենք բոլորս ապրում ենք մեր քաղաքում, այն, իրոք, երբեք չենք լքել, սիրում ենք։ Անպայման պետք է մեր քաղաքը տեսնենք այնպիսին, ինչպիսին յուրաքանչյուրս ենք ցանկանում»։

Թեյքվանդո մարզաձի ներկայացուցիչ, մարզիչ Վարոս Խաչատրյանն էլ հավելեց. «Մեր քաղաքն ունի մարզական մեծ ավանդույթներ, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից և պատասխանատվությամբ ու ամենայն լրջությամբ պահում ու պահպանում ենք»։

Նշելով, որ գյումրեցի մարզիկներն արժանի են միջազգային չափանիշներին համապատասխան մարզադպրոցների՝ Խաչատրյանը հավելեց. «Ես իմ ոլորտում լավագույն պայմաններն ապահովելու համար, ինքս եմ վերցրել այդ պատասխանատվությունը, քանի որ Մարտուն Գրիգորյան քաղաքապետի հետ հնարավոր է ուեննալ այդ ամենը՝ մեծ ու լուսավոր մարզական դպրոցներ, տրամադրող ու մոտիվացնող միջավայր ու զարգացող քաղաք, որտեղ մենք ենք ապրում, մեր երեխաներն ու ծնողները։ Ես մեզ այսպիսի քաղաքին եմ արժանի համարում»։

Բուհի զբոսաշրջության բաժնում ուսանող Եվգինե Պողոսյանն ասաց. «Ես երազում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ մենք ունենալու ենք տուրիստական, գունավոր և լուսավոր, զբոսաշրջիկների մեծ հոսքով ու եռուզեռով, զարգացող ու մշակութային քաղաք, որտեղ մեծը՝ մեծ է, փոքրը՝ փոքր՝ բալանսավորված սիրով ու հարգանքով, և այն հնարավոր է քաղաքապետ Մարտուն Գրիգորյանի օրոք»։


Պատասխանելով լրագրողների հարցին՝ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններով են դաշինք կազմել, քանի որ քաղաքի խնդիրները լուծելու համար պետք է համախմբեն բոլոր գյումրեցիներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

«Երբ դաշինքով ենք մասնակցում, ապա հաղթելուց հետո հեշտ է լինելու աշխատել գյումրեցիների՝ մտավորականների, գործարարների  բոլորի հետ, որպեսզի ոչ մեկի մոտ կաշկանդող բան չլինի, որ եթե աշխատելու են քաղաքապետի հետ, ապա ստիպված են լինելու աշխատել ինչ-որ X կուսակցության հետ»,-ասաց Մարտուն Գրիգրոյանը և բացատրեց, որ Գյումրին «ադաթների» քաղաք է և գյումրեցիները նմանատիպ բաների ուշադրություն են դարձնում։

Նա նշեց,որ Գյումրին իր տունն է, ընտանիքն է, անցյալը, ներկան, ապագան, իր հետ կապված ամեն ինչը տեսնում է Գյումրիում և առաջադրվելու քայլը պատահական չի եղել։

«Նպատակս է իմ հնարավորությունների սահմաններում ավելի շատ օգտակար լինել՝ արդեն որպես քաղաքապետ»,-ասաց Գրիգորյանը և հիշեցնելով Գյումրու համար որպես պատգամավոր կատարած իր աշխատանքը, նկատեց, որ այն ավելի շատ ՏԻՄ աշխատանք է եղել, ինչը խոսում է այն մասին, որ փորձ ունի այդ ոլորտում։

Մարտուն Գրիգորյանը նշեց, թե ընդդիմությունն ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքում հաղթանակ տոնի, իսկ իշխանություններն էլ ամեն ինչ անելու են, որ պահպանեն քաղաքապետի պաշտոնը։«Եթե մենք ճիշտ աշխատենք, աշխատենք հանուն քաղաքի, ոչ թե ամեն մեկս մեր համար՝ համոզված եմ, որ հաղթանակ ունենալու ենք... Եթե որպես ընդդիմադիր քաղաքապետ ընտրվեմ, համոզված եմ, որ դրանից շահելու է միայն Գյումրի քաղաքը և գյումրեցիները»,-եզրափակեց Գրիգորյանը։  

 
 
1/2990
bottom of page