top of page

Մինչև 2029-ը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ կկառուցենք, մեկը 35,000, երկուսը 10,000 հանդիսատեսի համար․ Փաշինյան

Jun 6, 2024
1 min read

Մենք խնդիր ունենք մինչև 2029 թվականը Հանրապետությունում կառուցել 3 մարզադաշտ, որոնք կհամապատասխանեն աշխարհի առաջնություն իրականացնելու չափանիշներին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրանցից մեկը պետք է լինի մինչև 35,000 հանդիսատեսի հնարավորությամբ, երկուսը՝ առնվազն 10,000»,- ասաց նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ նախատեսվում է մարզադաշտերը կառուցել Վանաձորում և Իջևանում, ընդ որում Վանաձորում խոսքը եղած մարզադաշտի վերակառուցման մասին է։

«Մենք միջազգային ստանդարտ ասելով կենտրոնանում ենք մարզադաշտի վրա, բայց հարակից ենթակառուցվածքները ևս պետք է վերանորոգվեն՝ անվտոկանգառներ, ճանապարհներ և այլն։ 2029 թվականին երիտասարդական աշխարհի առաջնություն հյուրընկալելը կարծում եմ լավ մոտիվացիա է բոլորիս համար, որ կենտրոնանանք ու աշխատենք։ Բայց, եթե ենթադրենք այդ առաջնությունը չկա, երկրի համար լավ չէ, որ մենք միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս հավելեց նաև, որ կարևոր է հատկապես, որ այդ մարզադաշտերը լինելու են մարզկենտրոններում։

1/2990
bottom of page