ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 զոհվածների մարմին

Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի՝ օդում բախվելուց հետո Պոտոմակ գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին։
Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը բավական բարդ է ցրտի և քամու պատճառով։ Դեպքի վայրում աշխատում է 300 փրկարար։
Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի՝ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։ Ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Իսկ Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում գտնվում էր 3 զինվոր։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ողբերգությունից կարելի էր խուսափել. Black Hawk ռազմական ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ընթացքը։




















