Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է

Հունվարի 31-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոհար Գ.-ն։ Վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տափերական գյուղի վարչական տարածքում հունվարի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև վարորդի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն է։ Վերջինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացածն ու վիրավորը ամուսիններ են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք, հունվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի խոշորացված համայնքի Տափերական գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա քարե սալիկների համար նախատեսված գովազդային ցուցանակին, առաջ ընթացել, բախվել գետնին եղած բետոնե պանելին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները; Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։




















