top of page

54 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 2 min read

Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե՝ մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը:



Սոցցանցերում այս մասին գրել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որին «Պատիվ ունեմ»–ն ընտրել է որպես վարչապետի թեկնածու։


Ինչպես հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հաղորդագրություն տարածեց, որ խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ «Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է»,–գրել է Համբարձումյանը։


Նա նշել է, որ պայքարի մեջ ինքը վերկուսակցական մոտեցման կողմնակից է և բոլոր ընդդիմադիրներին համախմբման կոչ է անում` պատրաստ լինելով արձագանքել նման բոլոր կոչերին: Իմպիչմենտի մասին «Հրապարակը» զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ:


-Պարոն Ղազարյան, ինչպես արդեն տեղեկացանք, Դավիթ Համբարձումյանն է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն, սակայն որևէ հայտարարություն դեռևս չի հնչել մյուս ընդդիմադիր խմբակցության կողմից: Կա՞ որևէ արձագանք, գուցե ոչ հրապարակային….


- Ինչպես գիտենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն է նախաձեռնության հեղինակը և հենց «Պատիվ ունեմ»–ը պետք է առաջ մղի հնարավոր բոլոր ձևերը, իսկ առաջ մղելու հիմնական ձևը՝ Ազգային ժողովի մյուս ֆրակցիաների պատգամավորների հետ քննարկումներ անելն է, դա վերաբերում է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, ես խնդրում եմ կոնկրետ խմբակցությունների մասին չանել հիշատակումներ, որովհետև խոսքը բոլորին է վերաբերում: Աջակցություն բոլորից է անհրաժեշտ: Մեզ պետք է առնվազն 54 պատգամավորի աջակցություն, իսկ դա ենթադրում է, որ բոլոր խմբակցություններից է աջակցություն պետք: Եթե «Հայաստան» խմբակցությունից բոլորն անխտիր միանան, ապա  լրացուցիչ 20 պատգամավորի օգնության անհրաժեշտություն կլինի: 


- Բանակցություններ կա՞ն ՔՊ-ականների հետ:


- Մի քանի ժամ առաջ է գործընթացը սկսել, ես կարծում եմ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները առաջիկայում կնախաձեռնեն նման քննարկում, քանի որ նախաձեռնությունը հրապարակային է, ինձ թվում է շատերը կարող են արդեն իսկ իրենց դիրքորոշումները հայտնել, առանց քննարկումներին սպասելու: 


- Ձեր կարծիքով՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր տեսանելի արդունքի հասնելու համար:


- Ամեն ինչ կախված է պատգամավորների կամքից, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ և ընդամենը օրեր տևել: Հասարակական տրամադրությունները վաղուց են մեր օգտին, մնում է պատգամավորները գիտակցեն, որ իրենց պարտականությունները պետք է կատարեն բարեխիղճ: Պատգամավորներից մենք ոչ մի նոր պահանջ չունենք, ուղղակի նրանք պետք է վերահսկեն կառավարության գործունեությունը՝ անվստահություն հայտնելով վարչապետին:


- Հնարավո՞ր է այնպես ստացվի, որ «Հայաստան» խմբակցությունը չմիանա իմպիչմենտին:


- Եթե չմիանան իմպիչմենտին, իրենց շատ դժվար վիճակում կդնեն, ինչու, որովհետև նախ իրենք ունեին հնարավորություն իրենց իսկ նախաձեռնությամբ հանդես գալու, առանց մեր նամակներին սպասելու, և հետո՝ այս պարագայում Դավիթ Համբարձումյանին չաջակցելու համար բացատրություններ գտնելը դժվար կլինի:


- Ինչպե՞ս որոշվեց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն առաջադրել:


- Որոշումը կայացրին պատգամավորները, կար մեկ այլ նախաձեռնություն, որի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն էր, իսկ նախաձեռնության հեղինակները՝ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն էին: Ես ակնկալում էի, որ Հանրապետական կուսակցության կողմից այլ թեկնածու է առաջադրվելու, մասնավորապես քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանը, նույնիսկ մտածում էի, որ նրա անունն են այսօր հայտարարելու, բայց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը բավականին ողջամիտ է, որովհետև նա և ՀՀԿ-ական է, ինչպես նաև սիրված համայնքապետ է, 2021 թվականին հաղթել է ՔՊ-ին, նա ընտրված, ժողովրդի վստահությունը վայելող, անբասիր տեսակ է, ունի պատշաճ կրթություն, փորձառություն, մի խոսքով՝ հրաշալի թեկնածու է:



1/2155
bottom of page