top of page

Փաշինյանը հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո այս երկրում հանգիստ ապրելու շանս չունի. Վանեցյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 13 minutes ago
  • 1 min read

«Վերջին երկու տարվա ընթացքում ես զբաղված եմ եղել կուսակցաշինությամբ: Այդ աշխատանքի արդյունքում է, որ իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն այսօր գրասենյակներ ունի Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք ամենուր բնակչության հետ աշխատում ենք, լսում նրանց խնդիրներն ու պահանջները, հետևապես, իմ այդ զբաղվածությունն էր պատճառը, որ վերջին երկու տարվա ընթացքում մեդիայի հետ իմ աշխատանքում որոշակի պասիվացում էր նկատվում»,- 168.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ 

Նա ընդգծել է, որ կուսակցաշինությունը կարևոր և հրատապ է, հատկապես, երբ կա գիտակցում, որ Հայաստանում չկա դասական քաղաքական պայքար, և իշխանության մաս չկազմող իրական ըննդդիմադիր ուժերն ազգային-ազատագրական պայքար են մղում։

«Հայկական շահն առաջ մղող ուժերը պետք է հասկանան մի բան՝ իրականում մենք ազգային-ազատագրական պայքարի մեջ ենք, պետք է քայլեր ձեռնակել մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատելու համար, քայլեր, որոնք տեղավորվում են սահմանադրական ճանապարհների մեջ»,- ասել է Վանեցյանը։

Հարցին՝ արդյո՞ք ազգային-ազատագրական պայքարը ենթադրում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն անելուն միտված քայլեր, Արթուր Վանեցյանն արձագանքել է.

«Ավելի ռադիկալ քայլ մնում է միայն ահաբեկչություն անենք, ինչը ճիշտ չէ, մենք ահաբեկիչներ չենք»: 

Միևնույն ժամանակ նա ընդունել է,  որ 2020 թվականի պատերազմից հետո որևէ քայլ, որը նախաձեռնել է ընդդիմությունը, չի բերել իշխանափոխության, որովհետև Փաշինյանն անում է ամեն բան իշխանությունը պահելու համար։

«Բայց եթե չպատրաստվենք ընտրություններին, հիմա մերժենք ընտրությունների գաղափարը և ասենք, թե զբաղված ենք ազատագրական պայքարով, ի՞նչ է դա տալու։ Փաշինյանը հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո այս երկրում հանգիստ ապրելու շանս չունի, հետևապես, մարդկանց պետք է հասցնել այն ընկալման, որ այս իշխանությունից պետք է ազատվել։ Չբացառելով փողոցային պայքարը՝ պետք է պատրաստվել ընտրությունների, որոնք, ուզենք թե չուզենք, մի օր լինելու են։ Կրկնում եմ՝ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին, բայց, եթե լինեն այլ պրոցեսներ, դրանց ևս մասնակցելու ենք»,- հավաստիացրել է նա:

bottom of page