«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Երեկ ՍԱՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը՝ նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի հաղորդել, թե ինչու է նշանակումից մոտ կես տարի անց Դանիելյանը հեռանում կառույցից։
Նա ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն այդ կառույցի ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռեւս 2022 թվականից: Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է: ՍԱՏՄ-ում կարծում են, որ այս տանդեմն է «քանդել» նախորդ պետերի՝ Գեորգի Ավետիսյանի, Արմեն Հայրապետյանի ոտքի տակ եւ ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ ՍԱՏՄ խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանի ազատման պատճառների մասին ոչինչ ասել չի կարող:
Մեր աղբյուրները Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված, եւ հնարավոր է՝ անգամ քրեական վարույթ նախաձեռնվի։ Սակայն տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արմեն Դանիելյանը եղել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ, 2024 թվականի սկզբին Դանիելյանը կատարում էր սպանդանոցային ապահովման աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները։
Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դանիելյանի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում