«Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է նաև լայնածավալ առևտրին»․ Արարատ Միրզոյան
Թուրքիան և Հայաստանը համակարծիք են, որ երկու երկրների բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Այս մասին Անթալիայում 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գրում է Anadolu գործակալությունը։
«Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ամբողջ սահմանի բացումը։ Մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը: Խոսքը լայնածավալ առևտրի մասին է: Քննարկել ոնք նաև որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ Անկարայի և Երևանի միջև արդեն մի շարք կոնկրետ քայլեր են ձեռնարկվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «օդային տարածքի օգտագործումը», և երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիջան սահմանակետի և Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ։Միաժամանակ, ԱԳ նախարարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների որոշ ոլորտներում «առաջընթացը կանգ է առել»։ «Օրինակ, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, և այս պայմանագիրը, ցավոք, դեռ չի իրականացվել»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների թեմային՝ Միրզոյանն ասել է, որ խաղաղության պայմանագիրը, որը նա անվանել է «պատմական և աննախադեպ», պատրաստ է ստորագրման։




















