«Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները»․ Արարատ Միրզոյան
- Elen Hovsepyan

- Oct 18, 2024
- 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի համատեղ գնահատումից հետո Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ «Բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։
Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև։ Այս տեսլականը հաշվի առնելով, ինչպես դուք բոլորդ տեղյակ եք, մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,-ասել է Միրզոյանը:




















