top of page

Դատարանում ծեծկռտուքի գործով 3 անձ կալանավորվել է

  • 1 hour ago
  • 1 min read

24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ընթացքում ծեծկռտուքի գործով ձերբակալված 28 անձանցից մեղադրյալի կարգավիճակ ունի միայն 18-ը, երեք անձ կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:



Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով մեղադրյալի աթոռին երկու եղբայրներ են։ Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանը նախնական դատալսումների ընթացքում անփոփոխ է թողել Սոխրաբյանցների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, իսկ նախօրեին դատական նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ տուժող կողմի ներկայացուցիչների և մեղադրյալների միջև, անգամ կարգադրիչներ են տուժել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 28 անձ ձերբակալվել էր, որից միայն 18-ին է մեղադրանք ներկայացվել։


Հիշեցնենք՝ 24-ամյա երիտասարդի սպանության դեպքը տեղի է ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։


Նշենք նաեւ, որ սպանվածը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է։



 
 
1/2666
bottom of page