top of page

Փաշինյանի կառավարությունը Երևան է հրավիրել Հայաստանն օկուպանտ կոչած Սլովակիայի ղեկավարությանը. Վահե Սարուխանյան

May 26, 2025
1 min read

Ծանոթացեք. լուսանկարում Սլովակիայի փոխվարչապետ, ՊՆ Ռոբերտ Կալինյակն է, որը միայն այս տարի առնվազն 2 անգամ հայտարարել է, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Այս մասին գրել է հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը: 

Կալինյակը համարվում է իր երկրում երկրորդ ազդեցիկ քաղաքական ֆիգուրը: Նա նաեւ Ադրբեջանի ամենաակտիվ գործընկերներից է:

Փաշինյանի կառավարությունը հրապարակավ ծպտուն չի հանել այս կեղծիքի վերաբերյալ, պատասխան, պարզաբանում չի պահանջել, Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն էլ «ջրել է» լրագրողական հարցումն այս թեմայի շուրջ: Նույնը արել է Սլովակիայի ԱԳՆ-ն, որն ընդհանրապես չի պատասխանել հարցմանը:

«Նկարում աջից Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն է, որն իր երկիրը կառավարել է 2006-2010 եւ 2012-2018 թթ, ինչպես նաեւ 2023-ից մինչ օրս:

Իր վարչապետության երկրորդ շրջանում Ֆիցոյի կառավարությունը Ադրբեջանին վաճառել է 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ, խորհրդային/ռուսական «Գրադի» նմանակն է) եւ 152 մմ տրամաչափի Dana ինքնագնաց հաուբիցներ (տես 2-րդ լուսանկարում՝ Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններում (2017 թ. սեպտեմբեր), ինչպես նաեւ 3-րդ լուսանկարում՝ Բաքվում կայացած ռազմական շքերթում, 26.06.2018):

Այս զինտեխնիկան առնվազն 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել է Արցախի դեմ, հայկական բանակի դեմ, չի բացառվում, որ գործի է դրվել նաեւ 2020-ից հետո ՀՀ-ի ու Արցախի դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիաների ժամանակ (տես 4-րդ ու 5-րդ նկարները):

Ֆիցոյի ու Կալինյակի կառավարությունը Ադրբեջանի առաջնային գործընկերներից է: Եվ ահա այս ֆոնին Ֆիցոն հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու «Երեւանյան երկխոսություն» ֆորումին:

Ի վերջո, դիվանագիտությունն ու ռեալպոլիտիկն էլ պիտի հիմնված լինեն ազգային արժանապատվության վրա: Բայց արդեն քանի տարի քաղաքական մուրացկանության ականատեսներ ենք ու դրա հետեւանքների կրողը:

Մեկնաբանություններում' թեմային առնչվող նյութերի հղումները»,-գրել է նա: 

 
 
1/2990
bottom of page