top of page

Դավիթ Համբարձումյանն արժանի թեկնածու է, իմպիչմենտի համար փողոցը կգեներացվի, բա առանց դրա ո՞նց կլինի. Սերժ Սարգսյան

Jun 10, 2025
1 min read

Դավիթ Համբարձումյանը արժանի է վարչապետի թեկնածու լինելուն, նա  ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու առաջադրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։

Հարցին՝ չկա՞ր ավելի ոչ խոցելի թեկնածու՝ հաշվի առնելով, որ նրան որոշակի կրիմինալ կոնտեքստ են հաղորդում, Երրորդ նախագահը պատասխանեց. «Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու։ Նախորդ անգամ, երբ հարցրեցիք, թե ինչու թեկնածու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ՝ հիմա դրանում համոզվեցիք։

Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե  իշխանության համար է, այլ իշխանափոխության, մի՞թե պարզ չի բոլորիս համար։ Ումով ուզում է փոխեն, միայն թե իշխանափոխություն լինի»։

Վտանգ չկա՞, որ մրից դուրս գանք, մրջուրն ընկնենք, հարցին էլ արձագանքեց. «Ոչ, որովհետեւ սա մուր չի, սա ճահիճ է»։

Նա համոզմունք հայտնեց, որ իմպիչմենտի գործընթացը գեներացնելու է փողոցային պայքար. «Իհարկե, գեներացնելու է, բա առանց փողոցի ո՞նց կլինի»։

Սերժ Սարգսյանը նաեւ չբացառեց քաղաքացիական պատերազմը. «Ես բոլոր վտանգներն էլ տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաներ կարող են լինել»։

 
 
1/2990
bottom of page