Հայաստանի համար սա նշանակում է արտաքին անվտանգային մարտահրավերների սրացում. Վարդան Բալյան
- 7 hours ago
- 1 min read

«Այսօր Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ֊ի գագաթաժողովը, որին լիիրավ մասնակցի կարգավիճակով հրավիրված է նաև Ուկրաինան։ Ու օրակարգում ներառված են նաև ուկրաինական առաջարկներ, ինչն ըստ էության նշանակում է, որ ուկրաինական պատերազմը արդեն պաշտոնապես դառնում է ՆԱՏՕ֊ի ռազմական պլանավորման առանցքներից մեկը։ Այս համատեքստում հատկանշական է ռուս֊ադրբեջանական հարաբերություններում վերջին իրադարձությունները կապված Շուշիում Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների քննարկման հետ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Լրահոսում համարյա աննկատ մնաց, որ Շուշիում բարձրաձայն հնչեցին հայտարարություններ Ռուսաստանում չերքեզների ցեղասպանության ճանաչման, ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության գոյության տարիներին Կովկասի ժողովուրդների նկատմամբ ռուսական և սովետական օկուպացիոն իշխանությունների կողմից իրականացված բռնաճնշումների քաղաքականության դատապարտման հայտարարություններ, որից հետո Ադրբեջանի դեսպանը կանչվեց ռուսական ԱԳՆ։
Ակնհայտ է, որ Ռուսաստան֊Արևմւոտք հակամարտությունը ինստիտուցիոնալիզացվում է և ավելի է կոշտանալու տեսանելի ապագայում։ Հայաստանի համար սա նշանակում է արտաքին անվտանգային մարտահրավերների սրացում, որ կանխատեսելիորեն ուղեկցվելու ներքաղաքական դաշտում ընդդիմադիր հանրային շերտերի ու քաղաքական դերակատարների նկատմամբ ճնշումների աճով։ Ծառուկյանը գուցե առաջինն է հետընտրական հաշվեհարդարների շքերթում, բայց հաստատապես ոչ վերջինը։
Այսպես կոչված ընդդիմադիր խոշոր եռյակին սպառնացող գոյաբանական պատերազմի հիմքում իրականում Փաշինյանի իշխանության կենսունակության ապահովման հրամայականն է։ Բայց անգամ եթե ընտրությունների արդյունքներով հաղթող ինքնահռչակված ուժին հաջողվի ոչնչացնել օլիգարխիկ ընդդիմությանը, այդ չի լուծելու առկա քաղաքական ճգնաճամը, այն ավելի է խորանալու։ Սա անխուսափելի և անկասելի գործընթաց է, որի միակ հանգուցալուծումը կառավարող խունտայի իշխանազրկումն է։
Կարծում եմ, առաջիկայում նոր ընդդիմության ձևավորման հանրային պահանջը կբյուրեղանա վերջնականապես։ Պահանջարկն, ինչպես հայտնի է, ծնում է առաջարկ, բայց որպեսզի հանրությունը աջակցի մերօրյա նեոբոլշևիկ բռնապետիկի իշխանազրկմանը քաղաքականությունից հասկացող առողջ ուժերն ու անհատները պետք է միավորվեն հայկական պետականության պահպանման, մեր ազգային ինքնության ու ժողովրդավարության պաշտպանության օրակարգի շուրջ»։




















