top of page

Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 20, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Դավաճանությունն իր ամենալայն իմաստով ոչ միայն ենթադրում է դավաճանության ակնհայտ գործողություններ, ինչպիսիք են ընկերոջը դավաճանելը, ամուսնական դավաճանությունը կամ պետական ​​դավաճանությունը, այլ նաև ներառում է ավելի «թաքնված» ձևեր, օրինակ, երբ կոլեկտիվը խումբը կամ ժողովուրդը, սեփական անգործության կամ ապատիայի պատճառով հրաժարվում է կատարել իր քաղաքացիական և սոցիալական պարտականությունները, կամ պատմական առաքելությունը:

Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական, մշակութային և պատմական արժեքները ապագա սերունդներին: Պատմական առումով համապարտադիր այս առաքելությանը «չմասնակցելը», ապատիան և անտարբերությունը սեփական երկրի ու նրա ժառանգության ճակատագրի նկատմամբ ներքին դավաճանական դրսևորումներ են, որոնք հետաձգում, կանգնեցնում են ազգի քաղաքացիական, սոցիալական և մշակութային զարգացումը և դրանով իսկ դավաճանում նրա ոգուն:

Դավաճանության այս ձևը, սովորաբար, դրդված չէ անձնական շահ ստանալու ցանկությամբ կամ մահվան վախից, ինչպես դավաճանության դասական օրինակների դեպքում է: Այն հաճախ արմատավորված է ավելի նուրբ և նվազ ակնհայտ խթանների վրա, ինչպիսիք են տեղեկացվածության պակասը լրացնելու ցանկության բացակայությունը, սոցիալական գործընթացներից օտարվածության զգացումը և, շատ դեպքերում նաև՝ մշակութային համատեքստի և պատմական հիշողության հետ կապի կորուստը:

Նման դավաճանությունը ոչ պակաս վտանգավոր է հասարակական օրգանիզմի համար, քան գաղտնի տեղեկատվության փոխանցման կամ դավաճանության ցանկացած ձև, քանի որ այն խարխլում է քաղաքական և սոցիալական համախմբվածության և հոգևոր ու մշակութային շարունակականության հիմնարար հիմքերը։

Սեփական պատմության և մշակութային ավանդույթների նկատմամբ հետաքրքրությունը կորցրած ժողովուրդը դառնում է խոցելի արտաքին սպառնալիքների և ներքին ճգնաժամերի նկատմամբ, քանի որ նրա անդամները զրկված են համայնքի և ինքնության զգացումից:

Եզրակացությունը մեկն է՝ ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է պայքար մղի և ապստամբի ինքն իր դեմ: Սա իրականացնելու համար ազգային առաջնորդության մարտիկներ են հարկավոր, արդյո՞ք կան դրանք...»:

1/2411
bottom of page