«Ինձ համար ցանկացած աննորմալ բան նորմալ է»
- 8 hours ago
- 1 min read

2020 թվականին, երբ ՔՊ-ական ակտիվիստ, «Նավակ ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը նշանակվեց «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, շատերի համար այդ նշանակումը անսպասելի էր և առաջացրեց բազմաթիվ հարցեր։
Այդ օրերին նա իր ֆեյսբուքյան էջում երկար գրառում հրապարակեց՝ փորձելով պատասխանել իր նշանակման շուրջ առաջացած շահարկումներին։ Այդ գրառումից առանձնանում է մի նախադասություն․
«Մինչ մի քանի կարևոր սկզբունք ֆիքսելը՝ անհարկի շահարկումները մաքսիմալ մինիմալիզացնեմ, չնայած նենց չի՝ ես դրանից վատ եմ զգում կամ խուսափում եմ, քանզի իմ համար ցանկացած անգամ աննորմալ բան նորմալ է»։ Այս ձևակերպումը բավական խոսուն էր։ Նա փաստացի ընդունում էր, որ որոշ իրավիճակներ կարող են շատերի համար անսովոր կամ անընդունելի թվալ, սակայն իր ընկալմամբ դրանք խնդիր չեն, քանի որ իր համար նույնիսկ «աննորմալը» կարող է դառնալ «նորմալ»։ Վիլեն Գաբրիելյանի հանրային կերպարի մի մասը նաև նրա օգտագործած մականուններն են՝ «Նավակ ճոճող» և «Օմարի արծիվ»։ Դրանք իր կողմից ինքնաներկայացման ձև է եղել, ինքնահռչակում՝ սոցիալական ցանցերում։ «Օմարի արծիվ մականունը կամ ինքնահռչակումը պայմանավորված է նրանով, որ նա նախկինում ծառայել է Մռավի լեռնաշղթայի Օմարի լեռնանցքի հատվածում գտնվող մարտական հենակետերում (կամավորական կամ ժամկետային զինվորական ծառայության ընթացքում)։ Եղել է Բուժծառայության ավագ լեյտենանտ։
Այժմ, երբ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը առաջադրվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, կրկին հարց է առաջանում՝ ինչ չափանիշներով են ընտրվում այն մարդիկ, որոնք պետք է ղեկավարեն երկրի անվտանգության և պաշտպանության ոլորտին վերաբերող կարևորագույն կառույցներից մեկը։ Իրենց հռչակած մականուններո՞վ։ Հետաքրքիր է՝ այս անգամ «Օմարի արծիվը» կպահպանի՞ իր նախկին ինքնավստահ ձևակերպումները, թե՞ կրկին կփորձի բացատրել, որ հերթական անսովոր որոշումը պարզապես հերթական «նորմալ» երևույթն է։ Գուցե այս անգամ ձևակերպումը հնչի ոչ թե՝ «Ինձ համար ցանկացած աննորմալ բան նորմալ է»,այլ՝ «Այս իշխանության համար ցանկացած աննորմալ բան նորմալ է»։




















