top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՐԵԼ Է, ԱՐԵԼ Է ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՕՐՈՔ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22
  • 2 min read
ree

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 21-ին 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալվել էր նախօրեին՝ համայնքապետարանում գրեթե 6 ժամ դիմակավորված անձանց կողմից կատարված խուզարկությունից եւ բիրտ գործողություններից հետո։



Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։

Գործով 8 անձ է անցնում, այդ թվում՝ քաղաքապետն ու քաղաքի ճարտարապետը, մնացած 6-ի մեջ կան քաղաքապետարանի աշխատակիցներ եւ «դրսի մարդիկ»։ 


Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ձերբակալված 8 անձից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքապետի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաեւ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը ողջ գիշեր քննեց նախաքննական մարմնի կալանքի միջնորդությունը եւ առավոտյան որոշեց մասնակի բավարարել՝ 3 ամսվա փոխարեն Գյումրու քաղաքապետին կալանավորել 2 ամսով։ 


Վարդան Ղուկասյանի պաշտ­պան Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե քննիչները, իբրեւ կալանավորման հիմք, ինչ են ներկայացրել դատարան։ Նա ասաց՝ մի քանի ձայնագրության արձանագրություններ՝ թղթից կարդալով, բայց  ձայնագրությունները, որպես այդպիսին, չեն հրապարակվել։ Թեպետ Հակակոռուպցիոն կոմիտեն մեկ ձայնագրություն է հրապարակել, սակայն, ըստ պաշտպանի, քննիչները դատարանում մի քանի ձայնագրության գրավոր տարբերակներ են ներկայացրել դատարան․ «Պահանջեցինք ձայնագրությունները բերել, ասացին՝ չենք բերի, ամբողջ գիշեր իրենց ընթերցանությունն էր, ոչինչ չկար։ Իրենք ասում են՝ բավարարվեք այն ձայնագրությունով, որը հրապարակել ենք, բայց դա ապացույց չէ»։


- Դատարանը ե՞րբ է գաղտնալսման թույլտվություն տվել։


- Երբ ստանձնել է պաշտոնը, մի քանի օր հետո մտել են դատարան։ 6 ամիս լսել ու լսել են, հետո բռնել կպցրել են։ Այն, ինչ խոսվել է, քննիչը մեկնաբանել է որպես կաշառք ստանալ։


- Քանի՞ ձայնագրություն կա այս գործում։


- Չգիտեմ, մեզ ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Իրենք դրանցից ինչ-որ արձանագրություններ են կազմել, բայց մենք ի՞նչ գիտենք՝ բնօրինակն ինչ է։ Դատարանում ոչինչ չի հետազոտվել, ձայն չի լսվել դատարանում։ Բացի այդ, ասացինք՝ դատական ակտերը ներկայացրեք, որոնց հիման վրա գաղտնալսել եք, դրանք էլ չկան, մի նախադասություն է գրված, որ այսինչ օրվանից առաջին ատյանի դատարանը 2 անգամ երկարաձգել է այդ գաղտնալսման որոշումը։ Այդ ապացուցողական շեմը չեն հատել, իրենց ամբողջ հիմնավոր կասկածը դրա վրա է, բայց իրենք ինչ-որ արտագրություն են դրել դրա տակ, իր նկատմամբ ցուցմունք էլ չկա։


- Ենթադրյալ կաշառք տվողն ի՞նչ է ասել։


- Ասել է՝ ես Վարդան Ղուկասյանին չեմ տեսել, չեմ ճանաչում, իրեն միայն տեսել եմ հեռուստացույցով։


- Կաշառք տվողը ճարտարապետի դե՞մ է ցուցմունք տվել։


- Այո։ Ճարտարապետն էլ ինչ որ արել է, արել է Սարիկ Մինասյանի օրոք, իրենք իրենցով բորշչ են սարքել, ո՞նց են տակից դուրս գալու։ Այդ ժամանակ իբր ստացել է կաշառք, բայց Վարդան Ղուկասյանի դրվագով ասվում է՝ պետք է ստանար «մի բան»։ Իսկ Սարիկ Մինասյանի կառավարման ժամանակ գտել են՝ ինքն արդեն կաշառք ստացել է։


- Գործում Սարիկ Մինասյանի անունը չի՞ շոշափվում։


- Ոչ, խոսքը 24-25 թվականների մասին է։ Ուրեմն, մեկ բան էլ ասեմ․ հոկտեմբերին, երբ Նիկոլը ելույթ ունեցավ, ստեղծվում է 21 անձից կազմված քննչական խումբ, այսինքն՝ այս երկրում բանուգործ չկա, կա մի ցուցմունք տվող, որն ուզում է իր ապօրինի շինությունն օրինականացնի, 21 քննիչ այդ գործով է զբաղվել։ 



 
 
1/2408
bottom of page